Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի թեկնածուի անունը։
«Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ քրեակատարողական ծառայության պետ»,- գրել է Փաշինյանը։
Թադևոսյանն զբաղեցնում էր ծառայության հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի պաշտոնը։
«Ժողովուրդ» օրաթերթը 2024-ի դեկտեմբերի 7-ին գրել էր, որ ծառայության պետի հավանական թեկնածուներն են գերատեսչության առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը և ՔԿ օպերատիվ վարչության պետ Անդրանիկ Մելոյանը։
Փաշինյանը 2024-ի դեկտեմբերի 5-ին աշխատանքից ազատել էր Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանին։ Վերջինիս պաշտոնանկությանը նախորդել էին իրավապահ մարմինների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները։
Հրաժարական էին տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Իր պաշտոնը լքել էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։