Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ նոր Սահմանադրության տեքստ ունենալ։
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ նոր Սահմանադրության տեքստ ունենալ։ Մեր աշխատանքները հենց այդ ուղղությամբ պետք է տանենք»,- 2024 թվականն ամփոփոխ ասուլիսի ժամանակ ընդգծել է նախարարը։
Նա վստահեցրել է, որ նախատեսվող փոփոխությունները չեն վերաբերում Ադրբեջանի՝ ՀՀ Սահմանադրությանն առնչվող պահանջներին։ Գալյանը նոր Սահմանադրության և Ադրբեջանի հայտարարությունների մեջ կապ տեսնելն «անտեղի» է որակել։
«Ասել, թե նոր Սահմանադրության մասին խոսելը կապված է այլ երկրի հայտարարությունների հետ, շատ անտեղի է։ Այստեղ ո՛չ անուղղակի, ո՛չ էլ ուղղակի կապ չկա և չի կարող լինել։ Խաղաղության օրակարգին առնչվող հարցերի հետ կապված Սահմանադրությունում փոփոխություն անելու որևէ անհրաժեշտություն չկա»,- ասել է նա։
Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի վերաբերյալ դիտարկմանն անդրադառնալով՝ միևնույն ժամանակ նախարարը նշել է․ «Այս պահին հստակ չեմ կարող ասել, որովհետև աշխատանքային խումբ է աշխատելու Սահմանադրության նոր տեքստի վրա, բայց փակ կամ գաղտնի պահելու որևէ խնդիր չունենք։ Երբ հանձնաժողովը վերսկսի աշխատանքները՝ պարբերաբար լուսաբանումներ կլինեն»։
Գալյանն ընդգծել է, որ նոր Սահամանադրություն ունենալու հարցն սկսվել է քննարկվել հեղափոխությունից հետո։
«Նույնիսկ 2019, 2020 թվականներին մենք նոր Սահմանադրության հայեցակարգ ենք ունեցել, և աշխատանքներն ինչ-ինչ պատճառներով տրամաբանական վերջնարդյունքի չեն հասել։ Որպես նոր նախարար՝ պետք է նոր Սահմանադրության նախագիծ մշակելու պատասխանատվություն ստանձնեմ, որին ժողովուրդը հանրաքվեի միջոցով կա՛մ հավանություն կտա, կա՛մ չի տա»,- հստակեցրել է նախարարը։
Նա շեշտել է, որ գործող Սահմանադրությունը խնդիրներ ունի հատկապես մարդկանց սոցիալական իրավունքների տեսանկյունից։
«Գործող Սահմանադրության մեջ շեշտադրված չեն սոցիալական իրավունքները։ Մենք պետք է առանձին գլուխներ նախատեսենք նոր նախագծում։ Փոփոխություններ ենք նախատեսում նաև ռազմական և արտակարգ դրություններին, համամասնական ընտրակարգին առնչվող հարցերում։ Մեր խնդիրը Սահմանադրության սեղմ, բայց ճիշտ տեքստ ունենալը պետք է լինի»,- հավելել է նա։
Հունիսի 6-ին Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի։
Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի վերջին հաստատել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Ավելի ուշ Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել էր որոշման ամբողջական տեքստը, որում դատարանը մեկնաբանել էր այն հարցը, թե Հայաստանի Անկախության հռչակագրի որոշ դրույթներ սահմանադրական ուժ ունե՞ն։ Դատարանը նշել էր, որ նման ճանաչումը հղի է «սահմանադրական երկիշխանությամբ»։
Սահմանադրական դատարանի որոշման տեքստում ասվում էր, որ այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»։