Իսրայելում ստեղծված իրավիճակի, իսրայելա-թուրքական հարաբերությունների, Իսրայելի Կնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության և Երուսաղեմի ու Բաքվի կապերի վրա թուրք-իսրայելական հարաբերությունների ազդեցության մասին Armenia Today-ը զրուցել է իսրայելցի հայտնի քաղաքագետ, հրապարակախոս և հասարակական գործիչ Ավիգդոր Էսքինի հետ:
– Իսրայելից բավականին հակասական տեղեկություններ են գալիս Արևելյան Երուսաղեմում տիրող իրավիճակի մասին։ Կարո՞ղ եք մեկնաբանել, թե ինչ է կատարվում այնտեղ, և ինչպիսի՞ն է իրավիճակն այժմ։
– Ես ձեզ կներկայացնեմ մի քանի կարևոր անդրադարձ, որպեսզի հնարավոր լինի հասկանալ հակամարտության էությունը։ «Դատաստանի ժամը չի գա այնքան ժամանակ, քանի դեռ մուսուլմանները չեն կռվել հրեաների դեմ, մուսուլմանները պետք է սպանեն նրանց, իսկ նրանք կթաքնվեն քարերի ու ծառերի ետևում, իսկ քարերն ու ծառերը կասեն. «Ո՜վ մուսուլման, իմ ետևում թաքնվում է հրեան, արի՛ ու սպանի՛ր նրան»։ Այսինքն՝ սպանիր յուրաքանչյուր իսրայելցու, հրեայի։ Սա գրված է ՀԱՄԱՍ-ի Սահմանադրության մեջ։ Իսկ դա նշանակում է Իսրայելի գոյության իրավունքի լիակատար ժխտում։ Այդ պատճառով՝ զարմանալի չէ, որ այդ մարդիկ չորս հազար հրթիռ են արձակել Իսրայելի բնակելի շրջանների ուղղությամբ։ Հարվածները հիմնականում հասցվել են Իսրայելի հարավին։ Այդ հարվածներն ուղղված էին տասնյակ հազարավոր քաղաքացիների սպանությանը։ Բարեբախտաբար, իսրայելական ՀՕՊ-ը ոչնչացրել է այդ հրթիռների մեծ մասը, ինչի հետևանքով սպանվել է Իսրայելի 12 քաղաքացի։
Մեկ այլ կարևոր ասպեկտ՝ Իսրայելի բոլոր գործողությունները պատասխան հարվածներ են եղել ՀԱՄԱՍ-ին: Ընդ որում, իսրայելական հատուկ ծառայությունները նախօրոք զգուշացրել են բնակչությանը, թե որ վայրերում են հարվածներ հասցվելու։ Իսկ եթե Գազայի հատվածում՝ խաղաղ բնակչության շրջանում եղել են զոհեր, ապա դա արդեն նրանց մեղքն է, քանի որ գրոհայինները հարվածներ են հասցրել՝ շրջապատելով իրենց «կենդանի վահանով»։
Ինչ վերաբերում է Արևելյան Երուսաղեմին, ապա այնտեղ հրեաները գնել էին երկու տուն, ինչի արդյունքում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները արտահայտել են իրենց բողոքը, սակայն դատարանը ընդունել է որոշում այն մասին, որ քանի որ մարդիկ գնել են այդ տունը, ապա դրանք պետք է այնտեղ ապրեն։ Իսկ իսլամիստներն այդ առիթն օգտագործել են անկարգություններ, ջարդեր կազմակերպելու համար, սակայն իսրայելական ոստիկանությունը լավ է վարվել։ Մի խոսքով, ոչնչից մեծ աղմուկ։ Այս պահին Երուսաղեմում ամեն ինչ հանգիստ է։
– Թուրքիան բավականին ագրեսիվ կերպով միջամտեց իսրայելա-պաղեստինյան հակամարտության հերթական փուլին։ Ի՞նչ եք կարծում, արդյոք Անկարայի նման պահվածքը չի հանդիսանում աշխարհի տարբեր երկրներում իր դիրքերի ամրապնդմանն ուղղված քաղաքականության շարունակություն, Օսմանյան կայսրության վերստեղծման փորձ:
– Անշուշտ, նրանք այդ մասին բացահայտ հայտարարում են։ Ես այստեղ կցանկանայի նշել է թուրքական քաղաքականության երեք ասպեկտներ՝ Օսմանյան կայսրության վերածնունդ, պանթյուրքիստական ասպեկտ, և, որ ամենակարևորն է, իսլամիստական ասպեկտ։ Էրդողանը, հանդիսանալով «Մուսուլման եղբայրներ» միջազգային կրոնաքաղաքական ասոցիացիայի ներկայացուցիչ, աջակցում է ՀԱՄԱՍ շարժմանը՝ «Մուսուլման եղբայրներ»-ի այս մասնաճյուղին։ Սա Թուրքիայի լծակներից մեկն է՝ ընդլայնելու իր ազդեցության ոլորտները։
– Ինչպե՞ս եք գնահատում Իսրայելի Կնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունները, հատկապես՝ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո:
– Աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արշավը հանգեցրեց ամենաողբերգական հետևանքներին։ Բանակի ամրապնդման, Ղարաբաղի անկախությունն առաջ մղելու, մշակույթը զարգացնելու, Սփյուռքի ներկայացուցիչներին վերադարձնելու մասին մտածելու փոխարեն հայկական լոբբիի բոլոր ուժերն ուղղված էին Ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Եթե մենք, ինչպես և դուք, մտածեինք միայն Հոլոքոստի մասին, ապա կպարտվեինք բոլոր պատերազմներում և բնակչությունը չէինք կարողանա մեծացնել։ Ձեր կառավարությունն այս 30 տարիների ընթացքում ոչ մի հայց չի ներկայացրել Թուրքիայի դեմ։ Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչի եք ձգտում։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ դուք այլ բանով զբաղվեք, այն է՝ Սփյուռքի հնարավորությունների օգտագործմամբ՝ երկրի զարգացում։
– Թուրքիան ակտիվորեն միջամտել է 44-օրյա պատերազմի ընթացքին։ Դուք այստեղ զուգահեռներ չեք տեսնո՞ւմ Գազայի հատվածի ճգնաժամի հետ, հատկապես հաշվի առնելով ՀԱՄԱՍ-ի և Անկարայի միջև շփումները:
– Թուրքիան միջամտեց և՛ այստեղ, և՛ այնտեղ։ Ձեր պատերազմին նա ակտիվորեն մասնակցել է, և ես չեմ զարմանա, որ դրան մասնակցել է նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատը։ Մեր դեպքում նրանք քաղաքական և տնտեսական աջակցություն ցուցաբերեցին ՀԱՄԱՍ-ին։
– Անկարան դիվանագիտական մակարդակով ակտիվորեն աջակցել է պաղեստինյան կողմին, սակայն միևնույն ժամանակ Թուրքիայի ամենամոտ դաշնակից Ադրբեջանը Իսրայելին դիտարկում է որպես իր զինված ուժերի զարգացման առանցքային գործընկեր: Թուրք-իսրայելական հակասությունների ուժեղացումը կարո՞ղ է ազդել Թել Ավիվի և Բաքվի հարաբերությունների վրա:
– Հազիվ թե։ Մենք Ադրբեջանի հետ շատ հասկանալի հարաբերություններ ունենք։ Սա ռազմական համագործակցություն է, հինգ միլիարդ դոլարի պայմանագիր կա դեռ 2015 թվականից։ Թուրքիան սահմանափակ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա։ Նախագահ Ալիևն ակնհայտորեն չէր ցանկանա, որ իր երկրում տեղի ունենար «Մուսուլման եղբայրներ» շարժման ուժեղացում։ Ադրբեջանում այդ շարժման բոլոր ներկայացուցիչները նստած են բանտերում։
Մենք Ադրբեջանի հետ քաղաքական առումով «ընկերություն» չենք անում։ Ադրբեջանը նույնիսկ մեր հակառակորդն է, նա հրաժարվում է դեսպանատուն բացել Իսրայելում, քանի դեռ մենք մեր տարածքում չենք ստեղծել պաղեստինյան պետություն։ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, միջազգային կազմակերպություններում միշտ դեմ է քվեարկում Իսրայելին։ Վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանն իրեն զուսպ էր պահում։ Ադրբեջանի հետ մենք ունենք ոչ թե քաղաքական միություն, այլ ռազմական համագործակցություն, քանի որ Իսրայելի համար շատ կարևոր է այս տարածաշրջանը՝ միանգամայն հասկանալի պատճառներով։ Չէ՞ որ մոտ է գտնվում Իրանը, որի գլխավոր նպատակներից մեկը Իսրայելի ոչնչացումն է։
Նշեմ նաև, որ Իսրայելը հենց սկզբից ակտիվորեն փորձում էր կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Մեզ մոտ դա լավ ստացվեց Վրաստանի հետ, նա մեր քաղաքական դաշնակիցն է։ Ավաղ, Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման նկատմամբ առանձնակի հետաքրքրություն չեն ցուցաբերել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը։ Հանուն արդարության, սակայն, պետք է նշել, որ իր կառավարման ավարտին Սարգսյանը փորձում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ։ Ի դեպ, Իսրայելը ժամանակին առաջարկել է այդ բոլոր զինատեսակները նաև Հայաստանին, բայց Հայաստանը հրաժարվել է։ Այն, որ Իսրայելի հարաբերություններն Ադրբեջանի հետ հեռուն են գնացել, իսկ Հայաստանի հետ՝ ոչ, դա Հայաստանի ընտրությունն է։ Հայաստանը նախընտրել է օգնել Իրանին միջուկային ծրագրի մշակման հարցում, հայ գիտնականները մասնակցել են դրան։
Մի խոսքով, Հայաստանն իր ընտրությունը կատարեց՝ դեմ արտահայտվելով Իսրայելի հետ հարաբերություններին։ Հուսով եմ, որ Հայաստանում կհասկանան, որ այդ ընտրությունը պատմական սխալ էր, որը, սակայն, հեշտ է շտկել։ Առկա են բոլոր նախադրյալները բարեկամական հարաբերությունների ակտիվ զարգացման համար։ Հայաստանի համար Իսրայելը կարող է շատ կարևոր գործընկեր դառնալ։ Մասնավորապես, շատ կարևոր է Հայաստանի համար Սփյուռքի ներգրավման Իսրայելի փորձը։ 1948 – ին այստեղ 600 հազար մարդ կար, այսօր՝ ավելի քան յոթ միլիոն մարդ։ Իսրայելը Ազգային պետություն կառուցելու փորձ ունի, որով կարելի էր կիսվել Հայաստանի հետ, որպեսզի այն դառնա բարգավաճող երկիր։ Հայաստանը հնագույն պատմություն և փայլուն մշակույթ ունեցող երկիր է։ Հայաստանը կարող է վերածնվել, և ես հույս ունեմ, որ Սիոնից ինձ կհաջողվի ձեռք մեկնել Արարատին։