Նոյեմբերի 12-ից գիշերը ժամը 12-ից սկսած Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի, հայկական կողմը ևս ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ադրբեջանն արդեն իսկ Կապան- Ճակատեն հատվածում սկսել է մաքսակետերի շինարարական աշխատանքներ իրականացնել։ Գորիս-Կապան ճանապարհը քաղաքացիների համար փակ է, գործում է այլընտրանքային՝ Տաթև- Աղվանի ավտոճանապարհը։
Armenia Today-ի նկարահանող խումբն եղել է Կապան համայնքում և ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել բնակիչների հետ։
Կապանի բնակիչների մեծ մասն անհանգստացած են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակով։
Armenia Today-ի հարցմանը մասնակցած քաղաքացիներից ոմանք նշում են, որ այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի ճանապարհը փրկությունն է, մյուսներն էլ մտահոգվում են, որ հատկապես ձմռանը երթևեկությունը կաթվածահար է լինելու այդ հատվածում։
Խոսելով Սյունիքիում հակառակորդի կողմից իրականացվող սադրանքների մասին, Կապանի բնակիչներից մեկը նկատեց, որ Ադրբեջանի ուզածը միջանցք է։ Սյունեցին պնդում է՝ միջանցք չեն տալու։