«Հայրենիք» կուսակցությունը կենտրոնամետ՝ աջ ուղղվածությամբ կուսակցություն է, որն իր գործունեության հիմքում դնելու է ավանդույթների և առաջընթացի համադրման գաղափարը:
«Հայրենիք» կուսակցությունը ասպարեզ է գալիս քաղաքացիների անվտանգության ապահովման, նրանց բարօրության ու առաջադիմության, նրանց իղձերի իրականացման համար կայուն հիմքեր ստեղծելու վճռականությամբ, այսօր «Հայրենիք» կուսակցության համագումարի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով ընտրվել է կուսակցության ղեկավար։
«Մեր քաղաքական նպատակը ազգային միասնության վերականգնումն է, հասարակության պառակտման հաղթահարումը և մարդկանց համար շոշափելի խորքային բարեփոխումները։ Մենք մեր գործունեության հիմքում դնում ենք ավանդույթների և առաջընթացի համադրման գաղափարը», – ասել է նա։ Վանեցյանի խոսքով՝ հետ չեն մնալու համաշխարհային առաջընթացից և զարգացումներից, միաժամանակ պահպանելու են ազգային արժեքները։
Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են, ինչպես կանխատեսել էի, այսօր «Հայրենիք» կուսակցության համագումարի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որն ընտրվել է կուսակցության ղեկավար։
«Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները։ Հիմա էլ պնդում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել մեծ աշխատանք՝ ավելի վատ զարգացումներից խուսափելու համար։ Հենց դա՛ ինձ ստիպեց զբաղվել քաղաքականությամբ։ Իրական քաղաքականությամբ», – ասել է նա։
Վանեցյանը նշել է, որ կուսակցությունն առաջարկում է ծրագիր և գործելաոճ, որի հիմքում են.
• Պատասխանատվությունն՝ ընդդեմ ինֆանտիլիզմի
• Ազնվությունն՝ ընդդեմ ստի և մանիպուլյացիայի
• Կարգապահությունն՝ ընդդեմ ամենաթողության
• Միասնականությունն՝ ընդդեմ պառակտման
• Համակարգն՝ ընդդեմ քաոսի
• Կայունությունն՝ ընդդեմ անորոշության
• Պրոֆեսիոնալիզմն՝ ընդդեմ դիլետանտիզմի
• Պրագմատիզմն՝ ընդդեմ պոպուլիզմի
«Անթույլատրելի եմ համարում երկիրը հակամարտող, անգամ՝ միմյանց նկատմամբ թշնամության հասնող ճամբարների բաժանելու արատավոր գործելաոճը: Գիտակցելով մեր երկրում լուրջ, համակարգային բարեփոխումների, երբեմն՝ արմատական վերափոխումների կարևորությունը և պատրաստ լինելով ստանձնել դա անելու պատասխանատվությունը, մենք միևնույն ժամանակ հեռու ենք այն ծայրահեղական մոտեցումից, թե իբր նախկինում ամեն ինչ միայն վատ է եղել, իսկ քաղաքական մեր թվարկությունը սկսվել է այն պահից, երբ ոմանք երկիրը գունաբաժանել են սևի և սպիտակի», – ասել է Վանեցյանը։
Նա նշել է, որ մեր ժողովրդին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց կզգան, կհամարեն և կհռչակեն ամբողջ ժողովրդի իշխանություն՝ անկախ անձնական նախասիրություններից:
Վերջին ամիսներին մեր տնտեսության վիճակը, տնտեսության կառավարիչների անկարողությունը մտան յուրաքանչյուրիս տուն, ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։
«Բնակչության սոցիալական վիճակը շարունակաբար վատանում է։ Մարդու համար օրվա ապրուստի միջոց գտնելը դարձել է ամենաբարդ խնդիրը։ Այսօր Հայաստանում մարդիկ լավ չեն ապրում, իսկ ինձ համար հստակ է՝ Հայաստանում մարդը պետք է լավ ապրի։ Սա համարեք իմ գլխավոր նպատակը, որը սահմանել եմ ինձ համար, եթե կուզեք՝ իմ երազանքը։ Վստահեցնում եմ, ջանք չեմ խնայելու և հասնելու ենք այդ երազանքին», – ասել է նա։
Վանեցյանը նշել է, որ առաջիկայում տարբեր առիթներով հանրության դատին կներկայացնի ձևակերպված մոտեցումներ Հայաստանի զարգացման բոլոր ուղղությունների վերաբերյալ։
«Ունեմ հստակ պատկերացումներ, թե որտեղ ենք գտնվում, ուր պետք է հասնենք և ինչ միջոցներով՝ թե՛ արդարադատության, թե՛ կրթության-գիտության-մշակույթի, թե՛ բնապահպանության, թե՛ գյուղատնտեսության ոլորտներում», – ասել է նա։