Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ:
Վարչապետի, ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ:
Պատմական սերտ առնչությունների վրա հիմնված մեր ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։ Անցած տարիներին հաջողվել է զգալիորեն խորացնել մեր երկրների միջև բազմաշերտ համագործակցությունը, հաստատել վստահության, հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված բարձր մակարդակի երկխոսություն։
Ջերմությամբ եմ հիշում իմ պաշտոնական այցը Իտալիա, որը, համոզված եմ, նոր թափ հաղորդեց մեր միջպետական հարաբերությունների ամրապնդմանը»։
Նիկոլ Փաշինյանը վաստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակեն զարգացնել և խորացնել համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների։
Վարչապետն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում նաև Ջուզեպպե Կոնտեին և Իտալիայի բարեկամ ժողովրդին Covid-19 համավարակի դեմ պայքարում և դրա ծանր հետևանքները հաղթահարելու գործում՝ մաղթելով տոկունություն ու համբերություն։