ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Խորհրդարանի իրավունքները պաշտպանելու և պառլամենտարիզմը չոտնահարելու նախապայման հնչեցվեց պարոն Քոչարյանի գործը։ Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկել ենք և վերջնական որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից: ՍԴ կազմի հետ կապված խնդիր չկա, ինչ կազմ ուզում է՝ թող քննի, մենք տեսնում ենք, որ խմբակցություններից մեկը Սահմանադրության երաշխավորման և խորհրդարանին տրված իրավունքներն ու պարտականություններն ապահովելու համար ՍԴ դիմելը կապել է Քոչարյանի գործի հետ»,- ասել է Օրբելյանը։
Օրբելյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը հստակ դիրքոշորում է հայտնել, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը հետ կվերցնի դիմումները։
«Մեր ընդհանուր պահանջը, հորդորն ու խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին Սահմանադրության հետ կապված գործընթացներում ո՛չ պարոն Քոչարյանի, ո՛չ փաստաբանների անունը չշոշափել։ Այս գործընթացը բացառապես դիտարկել պառլամենտական ֆրանկցիաների և պատգամավորների իրավասության շրջանակներում։ Եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, ինչի մասին արտահայտել են, չսպասեն այդ ամսաթվին, հիմք ընդունելով մեր դիմումը, միանան այդ գործընթացին»,- եզրափակեց Օրբելյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է քններ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։