«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը համավարակի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի շրջանակներում իհարկե չի մոռացել նաև անդրադառնալ Հայաստանին: Գրեթե ամբողջությամբ կրկնելով նախորդ ելույթի հիմնական դրույթները՝ Ալիևը որոշել է «վախկոտ» անվանել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը, իր բոլոր թերություններով հանդերձ, գտել է ուժ՝ ժողովրդի ճնշման ներքո անարյուն հեռանալ իշխանությունից»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«17 տարի իշխանությունը հորից ժառանգած բռնապետ Ալիևը «վախկոտ» է համարում այն քաղաքական գործչին, որը չհանդգնեց երրորդ անգամ ղեկավարել երկիրը և հեռացավ խաղաղ, ոչ բռնի հեղափոխության արդյունքում: Փաստացի, նավթային բռնապետի համար ժողովրդի կամքը հաշվի առնելը, ժողովրդի ճնշումներին ենթարկվելը և իշխանությունը ժողովրդին թողնելը «վախկոտություն» են: Հետևաբար, ալիևյան «քաջության» դրսևորումը իր ցմահ իշխանությունն է և դինաստիական կառավարումը, որի տապալման ուղղված ամենաչնչին փորձերն անգամ խեղդվում են արյան և բռնաճնշումների մեջ: Նա իր ժողովրդին կոչ է անում երբեք իրեն չզրկել իշխանությունից և «վախկոտ» չդարձնել»,- գրել է Հայրապետյանը:
Պատգամավորը նշել է, որ անդրադառնալով վերջին 2 տարիներին Հայաստանում ստեղծված իրականությանը՝ Ալիևը իրավական գործընթացները կրկին ներկայացնում է «քաոսի» տեսքով՝ քաջ գիտակցելով, որ եթե Ադրբեջանում մի օր հաղթի ժողովրդավարությունը և ձևավորվի լեգիտիմ կառավարություն, ապա առաջին հերթին հենց Ալիևն ու իր ամբողջ դինաստիան կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ իրենց թալանած գումարները՝ կվերադարձվեն ժողովրդին: Ահա այստեղ են թաքնված Բաքվի բռնապետի իրական վախերը: Իսկ ժողովրդի կամքի ուժը թող ոչ ոք չթերագնահատի:
«Ամփոփելով նշեմ, որ Ալիևը պետք է մեկընդմիշտ հասկանա՝ ներքաղաքական հարցերում մեր դիրքորոշումների բոլոր հակասություններով հանդերձ՝ Արցախի հարցում մենք միասնական ենք, մեր ազատ ապրելու իրավունքն անբեկանելի է, իսկ մեզ բնաջնջելու ադրբեջանական «երազանքը»՝ անիրականանալի»,- գրել է Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահը տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «այսօր փաստացի կարգավորման շուրջ բանակցություններ չկան։ Ոչ մի արդյունք չկա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից։ Դա ընդամենը ցույց է տալիս ԵԱՀԿ ՄԽ գործունեության իմիտացիան»։