«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ իրենց գնահատականն են տվել։
«2019 թ. վերջից նոր կորոնավիրուսի վարակի վտանգավորության մասին ահազանգեցին մի շարք պետություններ և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն ՀՀ կառավարությունն ի սկզբանե արհամարհեց դրանք՝ ցուցաբերելով հանցավոր անփութություն»։ Ըստ էության, նշել են կուսակցությունները, համավարակի իրական տարածումն ավելի շուտ էր սկսվել, քան այն հայտնաբերվեց։ «Ակնառու էր, որ համավարակի տարածման նախնական փուլում սահմանային անցակետերում առավել մեծ խմբաքանակներով թեստավորումներ պետք է կազմակերպվեին` որպես կանխարգելիչ կարևորագույն միջոցառում: Անբացատրելի կերպով համավարակի դեմ պայքարի գործընթացը կենտրոնացվեց Երևանում՝ անտարբերության մատնելով մարզերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողությունները: Իշխանության այս, ինչպես նաև այլ գործողություններում ուշացած ու հանցավոր բացթողումները անդառնալիորեն կանխորոշեցին համավարակի դեմ պայքարի ձախողումը»,-ասված է հայտարարության մեջ։
«Աղետը ընդհանուր ուժերով դիմագրավելու և հասարակական համերաշխություն հաստատելու ճանապարհով մարդկանց ներգրավելու փոխարեն` պետական հստակ ռազմավարություն չունեցող կառավարությունը, ինչպես նաև պարետատունը և դրա գործերին պատեհ-անպատեհ միջամտող գործադիրի ղեկավարը ծանր հարված հասցրին վտանգի հասարակական համարժեք ընկալումներին։ Փոխարենը որդեգրվեց էժանագին պոպուլիզմը»,- ընդգծել են կուսակցությունները։
Ըստ աշխատանքային խմբի՝ արդեն 120 օր ձգվող արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայում իր նպատակին, այլև դրանով նախատեսված և պարբերաբար վերանայվող միջոցառումները անլրջացնում են այդ ինստիտուտը, անհամաչափորեն սահմանափակում մարդկային իրավունքները՝ առանց էականորեն նպաստելու համավարակի հաղթահարմանը։
«Դրա վկայությունն է այն փաստը, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանը տարածաշրջանում համավարակի դիմագրավման արդյունքներով վատթարագույն վիճակում է: Աշխարհի միջին ցուցանիշները, այսօրվա դրությամբ, Հայաստանը բացասական առումով գերազանցում է` հիվանդացության ցուցանիշով շուրջ 7 անգամ, մահվան ցուցանիշով՝ շուրջ 2,5 անգամ:
Կառավարությունը և նրան ենթարկվող Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը անկարող գտնվեցին վարելու տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական աջակցության հավասարակշիռ քաղաքականություն: Ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խոր անկում, գործազրկության հսկայական աճ և սոցիալական աղետ:
Հակաճգնաժամային փաթեթների կիսատության ու ցածր հասցեականության հետևանքով փոշիացվել են շուրջ 120 մլն դոլար բյուջետային միջոցներ, առնվազն 300 մլն դոլարով ավելացել է պետական պարտքը: Այս պայմաններում Հայաստանին տրամադրված միջազգային սուբսիդիաները, 150 մլն դոլար միջազգային օգնությունը, կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական մուտքերի անբավարար թափանցիկությունն ու ծախսերի հաշվետվողականության բացակայությունը լիակատար անորոշություն և կոռուպցիոն հսկայական ռիսկեր են պարունակում»,- ընդգծել են կուսակցությունները։
Ամփոփելով վերն ասվածը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ աշխատանքային խումբը եզրակացնում է, որ համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունն անտեսել է ահագնացող մարտահրավերները, հաճախ ստեղծել նոր սպառնալիքներ, ինքնադրսևորվել իբրև քաղաքականապես անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ խմբակ, առաջնորդվել սոսկ անձնական և նեղ քաղաքական շահախնդրությամբ։
«Համավարակին հակազդելու իշխանությունների գորոծողությունները գնահատելով ձախողված՝ անընդունելի ենք համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի հերթական երկարացումը, քանի որ այն պահպանվում է մարդկանց իրավունքները և քաղաքացիական ու քաղաքական ազատությունները սահմանափակելու, ժողովրդական դժգոհության ձայնը խլացնելու նպատակներով»,- նշել են կուսակցությունները և ներկայացրել քաղաքական իշխանությունից իրենց մյուս պահանջները՝
1. Անհապաղ դադարեցնել սահմանադրական ինստիտուտների կազմալուծման հակապետական ընթացքը:
2. Վերջ տալ ազգային արժեքներին, ինքնությանը և հանրային դիմադրողականությանը սպառնացող օտարածին օրակարգերի սպասարկմանը միտված գործողություններին:
3. Վերանայել և չեղարկել համավարակին հակազդելու պատրվակով ոչ իրավաչափ հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում՝ վարչական տուգանքները։