Երեկ՝ հուլիսի 12-ին, ադրբեջանական զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին ՝գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը։ Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության արտահերթ նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր առավոտյան դրանք վերսկսվել են։ Դրանց վերսկսմանն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությամբ, որում վերջինս անվերապահ աջակցությւոն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայ տրամաբանությամբ: Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ արդեն երկար ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը՝ իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով.
«Հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է՝ նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշեց, որ սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի շրջանում գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Ստացվում է, որ որքան համավարակը տարածվում է Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայ և ռազմատենչ հռետորաբանությունը:
«Ադրբեջանի ղեկավարությունը, փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական, պատերազմի կոչերով. կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է: Սիրելի՛ հայրենակիցներ, վստահեցնում եմ, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում: Նաև կոչ եմ անում անվերապահ զորակցությունը հայտնել մեր զինված ուժերին, զինվորներին, զորահրամանատարներին, ովքեր այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Նրանք պետք է ունենան ամուր թիկունք, և մեզնից յուրաքանչյուրը այդ ամուր թիկունքի մի մասնիկն է: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին: Այս ընթացքում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը Հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գրավականներից է»,- նշեց վարչապետ Փաշինյանը: