- «Փաստ» թերթը գրում է, որ ապրիլյան պատերազմի թեման իշխանությունը նորից ակտիվացրեց՝ այս անգամ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի միջոցով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Բաբայանի՝ թեմայի մեջ ներգրավվելու թեման պատահական չէ, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ Բաբայանին ակտիվացնելու միակ նպատակը նախկին իշխանությունների դեմ որպես միջոց օգտագործելն էր, որի ֆունկցիան Բաբայանը տարբեր ժամանակահատվածում քանիցս իրականացրել է։Փորձագիտական շրջանակների կարծիքով, այստեղ խնդիրն այդքան թեմայի քաղաքական մասը չէր, որքան ռազմական, որովհետև Սամվել Բաբայանն իր վերջին հարցազրույցում խոսում էր այնպիսի թեմատիկայից, որն ավելի շատ վնաս էր հասցնում զինված ուժերին, այլ ոչ թե նախկիններին։Դեռ պարզ չէ ապրիլյանի թեման անընդհատ քննարկման մեջ պահելու իրական նպատակը, սակայն արդեն նկատելի է, որ այդ թեմայի մեջ օգտագործվում են դրվագներ, որոնք ուղիղ հարված են հասցնում բանակին։
- «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պարետատունը մանրամասն հաշվետվություն է ուզել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից` պարզելու համար, թե վերջինս ինչպես է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքված գումարները, ինչ է արել, և ինչ աշխատանքներ են կատարվել: Ընդ որում, պարետատան պահանջած հաշվետվության մեջ պահանջվել է ամեն ինչ մանրամասն նկարագրել, քանի որ արդյունավետության մասով կասկածներ կան։
- «Հրապարակ» թերթը գրում է, որ անցած հանգստյան օրերը՝ շաբաթ-կիրակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանյոք հանդերձ անցկացրել է Դիլիջանում: Նա անգամ քաղաքի հայտնի ռեստորաններից մեկից՝ «Պոպոք»-ից, լուսանկար հրապարակեց:Սակայն պարզվում է՝ նրա այցն անհարմարություն է պատճառել քաղաքի բնակիչներին և այնտեղ հանգստանալու մեկնած մեր հայրենակիցներին: Ոստիկաններն ամեն քայլափոխի տուգանել են դիմակ չկրող քաղաքացիներին, իսկ տեղացիները թերթի լրագրողին վստահեցրել են, որ սովորական օրերին ոստիկանությունն այդքան խիստ չէ, ու վստահություն են հայտնել, որ այդպիսի վերաբերմունքը միայն վարչապետի այցով է պայմանավորված։
- «Հրապարակ» թերթը գրում է, որ որքան էլ Արսեն Թորոսյանի շրջապատը ջանում է լուրեր տարածել, թե նա մնալու է՝ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից, մեր աղբյուրներն ասում են, որ այդպես չէ։ Ավելին՝ 2 օր առաջ Թորոսյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու, սակայն Փաշինյանը խիստ զայրացել է, պատռել է դիմումը և ասել, թե՝ դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում։Պատմեցին, որ տհաճ խոսակցություն է եղել վարչապետի և նախարարի միջև։ Վարչապետն ասել է, որ այժմ իրավապահները ստուգում են իր գործունեությունը, և եթե պարզվի՝ իրականությանը համապատասխանում են խոսակցությունները, որ Թորոսյանը կոռուպցիոն գործարքների մեջ է խճճված, ապա նա ոչ թե հեռանալու է, այլ՝ պատժվելու։ Խոսակցությունը Թորոսյանը ծանր է տարել և այդ դեպրեսիայի պատճառով է նաև«ջնջվել» Ֆեյսբուքից:
- «Հրապարակ» թերթը գրում է, որ մարդիկ զարմանում են, թե ինչն է ստիպում վարչապետին «ատամներով» պահել Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին և Հայկ Մարությանին, որոնցից այսքան դժգոհություն կա։ Բանն այն է, որ, մի կողմից, հավատարիմ մարդիկ շատ քիչ են, մյուս կողմից՝ մասնագետները չեն ուզում կապվել իշխանությունների հետ՝ ապագան անորոշ է։Մի պատճառ էլ կա․ այս կարևոր ոլորտներում ձախողումները շատ են վնասում իշխանությունների իմիջին, ուստի նոր մարդիկ՝ նոր ձախողումներ Երևանում, կրթության ու առողջապահության ոլորտներում իշխանությունը չի մարսի։ Դա է պատճառը, որ Փաշինյանը փորձում է կոծկել սրանց թերությունները, ներշնչել, թե ամեն ինչ լավ է։ Հենց սա է դեր խաղացել, որ որոշել է «ձեռք չտալ» Հայկ Մարությանին։ Նա էլ, օգտվելով առիթից, խրոխտ տեքստ էր տարածել նախկինների ու «պատվեր կատարող» լրատվության մասին։Իրականում՝ ՔՊ-ում կարծում են, որ վաղուց հասունացել է քաղաքապետին փոխելու հարցը, և նա Նիկոլ Փաշինյանի «ամենաանհաջող կադրն» է»:
- «Հրապարակ» թերթը գրում է, որ Հրազդանի «Խնձորի այգի» ռեստորանում անցած շաբաթ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դստեր՝ Սաթենիկի հարսանիքը: Փեսան Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանն է, զույգը նշանադրվել էր մոտ 2 տարի առաջ, և քովիդի պատճառով շուրջ կես տարի հարսանիքը չէր կայանում:Հարսանիքին մասնակցել է ավելի քան 40 մարդ, հնչել է կենդանի երաժշտություն, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, աղմուկից խուսափելու համար, չի մասնակցել: Մարզպետարանից էլ հյուրեր չեն եղել, «Իմ քայլից» էլ՝ 1-2 պատգամավոր:
- «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու փաստի հետ կապված ներիշխանական կուլիսներում բավականին լուրջ տարաձայնություններ են եղել, որոնք առկա են մինչ օրս։ Այս հարցում հիմնական քննադատողի դերում է իշխանության արևմտյան ուղղվածության թևը, որը բացահայտ դժգոհ է եղել Փաշինյանի այդ քայլից։Կառավարության թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս առումով բավական կոշտ են եղել հատկապես, այսպես կոչված, սորոսական սեկտորից եկած գնահատականները։ Ի դեպ, սրան զուգահեռ, ծրագրեր են քննարկվում հակառուսական և հակաԵՏՄական նոր արշավներ կազմակերպելու համար:Իսկ ՀՀ-ում նման տրամադրությունների կնքահայրերը հենց արևմտյան ֆինանսավորում ունեցող մի քանի կառույցներն են, որոնք այս գործում էական ու գրեթե անկյունաքարային դերակատարություն ունեն, ավելին՝ հատուկ հանձնարարության համաձայն, այս կառույցներում ներառված և սատելիտ հանդիսացող ներկայացուցիչները պետք է ամեն ինչ անեն՝ ցանկացած հակառուսական ալիքի առաջացմանը զուգահեռ տեղեկատվական և հանրային դաշտում ողջ բողոքավոր հատվածում կազմակերպված կոնսոլիդացիան ապահովելու համար։Թերթի տեղեկություններով, այս ֆոնին տեղի է ունենալու մի նոր նախաձեռնություն, որն, ըստ Արևմուտքի, ավելի է խարխլելու հայ-ռուսական հարաբերությունները։ Մասնավորաբար, առաջիկայում նախատեսվում է, որ ԵՄ-ն և արևմտյան հիմնադրամները կտրուկ կավելացնեն ՀՀ-ին տրվող դրամաշնորհները:
- «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որ վերջին շրջանում բնակվում է Մոսկվայում, պարզվում է գիտական լուրջ հաջողություններ է գրանցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոստանյանը միայն վերջին 2 տարում իր գիտական գործունեության արդունքում հրապարակել է 3 մենագրություն, 2 դասագիրք և 25-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք լույս են տեսել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս մի շարք հեղինակավոր ամսագրերում (Ռուսաստան, Բուլղարիա, Իտալիաեւ, այլն), հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
- «Փաստ» թերթը գրում է, որ ինչպես հայտնի է, նախօրեին տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում առաջարկ էր ներկայացվել ՀՀ իրավական համակարգում նոր՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին։ Նախնական տարբերակով այդ նոր համակարգի ստեղծումը պետք է տեղի ունենա Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման արդյունքում։ Այս թեման իրավաբանական ողջ հանրության ուշադրության կենտրոնում էր և լայն քննարկման ու կոշտ քննադատության առիթ դարձավ։Մասնագետները պնդում են, որ սա իշխանության կողմից «ոտքի վրա ընդունված» հերթական որոշումների շարքից է, քանի որ գրեթե ոչ մի ռիսկ հաշվարկված չէ, ավելին՝ այն իր մեջ բավական լուրջ ականներ է պարունակում, որոնք կարող են «պայթել» հիմնականում վճիռները բողոքարկելիս, բացի այդ, ունի նաև ակնհայտ քաղաքական ուղղվածություն։Տիրապետող կարծիքներից էր նաև այն, որ մեր դատաիրավական համակարգը ընդհանուր առմամբ պատկանում է ռոմանոգերմանական դատական ճյուղին, իսկ Գերագույն դատարան ձևավորելով՝ մեզ պարտադրում են անգլոսաքսոնական դատական համակարգը։Թերթի տեղեկություններով, այս գործընթացում, ինչպես և օրվա իշխանության «սահմանադրական» գրեթե բոլոր հարցերում, հիմնական ու առանցքային դերակատարությունը Վահե Գրիգորյանինն է, որն այս առիթով որոշ հանձնաժողովականների հետ ինտենսիվ հանդիպումների մեջ է։
Նախնական տարբերակի համաձայն՝ այս հարցը առաջիկա ամիսներին դրվելու է հանրային քննարկման։ Տվյալ հարցի վերաբերյալ ԱԺ առաջիկա նստաշրջանի ընթացքում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ։
- «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է հանգիստ մթնոլորտում: Ըստ տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու, կարելի է ասել, անդրադարձել է բոլոր այն «թոփ» թեմաներին, որոնք այս օրերին քննարկվում են: Մենք տեղեկացանք, որ վարչապետը խոսել է նաև Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորման հարցի մասին, կրթության չափորոշիչների, Ամուլսարի հանքի շահագործման մասին, ինչպես նաև անդրադարձել է անգամ Բելառուսում վերջին օրերին տեղի ունեցող թեժ ցույցերին և տիրող իրավիճակին:Փաշինյանն ասել է, որ պետք է իրենք իրենց թիմով քննարկումներ ունենան՝ բոլոր հարցերի հետ կապված: Իսկ, ահա, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հիմնականում լսողի դերում են եղել, ընթացքում նաև հարցեր են հնչել, որոնց Փաշինյանը պատասխանել է ընդհանուր: