Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը հնարավորություն է տալու, թե մենք ինչ ենք ուզում, ուր մենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքը 2050 թվականին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Մատենադարանում Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռազմավարությունը պիտի ունենա գործնական նշանակութուն։ Այս ռազմավարության տակ կա գաղափար, տեսլական ու գործողություն, իսկ գործողության տակ լինելու են կառավարության կոնկրետ որոշումներ։ Այս պահից սկսած՝ կառավարության ցանկացած գործողություն պետք է միտված լինի այս գաղափարի իրագործմանը»,- ասաց կառավարության ղեկավարը։
Վարչապետը նաև պարզաբանեց, թե մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությունը ներկայցնելով այս կառավարությունը նպատակ չունի մինչև այդ ժամանակ կառավարել՝ ընդծելով, որ Հայաստանի վերափոխման ռազմավարությունն ընկալում են ոչ թե որևէ կառավարության գործողություն, այլ որպես համազգային շարժում։
«Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակումն ու իրագործումը ընկալում ենք որպես համազգային շարժում, որտեղ կարևոր դեր պետք է ունենան պետական առաջնորդությունը, մասնագիտական շրջանակների ներգարվումը և ժողովրդի լայն մասնակցությունը»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ սա տեսլականի վրա հիմնված հավակնություն է, ոչ թե կանխատեսելի պարտավորություն և պլան։
Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի իրականացնել ոչ միայն բնականոն, իներցիոն լավարկում, այլ ավելացված արժեքի բազմապատկման միտում։
«Այս նպատակի և այս իներցիոն փոփոխութունների արդյունքում հնարավոր կլինի հասնել թռիչքաձև զարգացման։ Շատ կարևոր է կենդանի գործընթացը, ոչ թե ստատիկ փաստաթուղթը։ Այնպես չէ, որ այս փաստաթուղթը մինչև 2050 թվականը պետք է ճշգրիտ նույն կերպ մնա. պետք է տեղի ունենա քննարկում, որը, ժողովի մասնակցությամբ, այդ թվում՝ ընտրությունների միջոցով, որոշակի վերափոխումների ենթարկվի»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ռազմավարության հաջորդ կետը ոչ միայն բարեփոխումների, այլև՝ փոխակերպումների մասին է, որը հնարավորություն կտա տեսնել ռեալ փոփոխություններ, որոնք պետք է տեղի ունենան բոլոր շերտերում, այդ թվում՝ հանրային հարաբերություններում։