«Լուսավոր Հայաստանը» համագործակցում է տարբեր ուժերի հետ, և օրակարգի համընկնման դեպքում լինում է նաև միասնական որոշակի նախաձեռնություն․ ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մինչ օրս մեր օրակարգը համընկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ կապված ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծելու, այլ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հետ,և դրանք հաջողությամբ են պսակվել։ Յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և որևէ նոր բան չկա, որ ինչ-որ ուժ կամ ուժեր հանրահավաք են կազմակերպում։ Կհետևենք, կտեսնենք որն է օրակարգը», – ասաց Էդմոն Մարուքյանը
Եթե հանրահավաքի ժամանակ հնչի կառավարության հրաժարականի պահանջ, խմբակցությունը կմիանա՞ հարցին ի պատասխան Մարուքյանը նշեց, որ եթե «Լուսավոր Հայաստանը» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, ապա խորհրդարանում կնախաձեռնի իմփիչմենթի գործընթաց:
«Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա այդ հայտարարությանը, «Լուսավոր Հայաստանը» ինքն է որոշում՝ ինչ հայտարարի: Եվ եթե պետք լինի մեր նախաձեռնած հարցի շուրջ կոնսոլիդացիա, մենք կնախաձեռնենք հանդիպումներ: Իշխանության հրաժարականի կոչերն էլ պետք է ունենան հստակ կառուցվածք»,- նշեց Մարուքյանը:
Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հայտնելով, որ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք: