Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը փետրվարի 16-ին առաջին անգամ կայցելի Հայաստան` պատմական մայրաքաղաք Երևան և Վանաձոր, հաղորդում է Բրիտանիայի դեսպանատունը։
Իր երկօրյա այցի ընթացքում նախարար Մորթընը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ պաշտոնապես կբացի Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը Երևանում՝ ի նշան Միացյալ Թագավորության և Հայաստանի ժողովուրդների միջև ամրապնդվող կապերի։
Նախարարը նաև կողջունի Միացյալ Թագավորության, UNISEF-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև նոր համագործակցությունը, որի միջոցով խթանվում է Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) և հակամարտության հետևանքով տուժած խոցելի համայնքների տնտեսական և սոցիալական կայունությունը։ Միացյալ Թագավորությունն ակնկալում է, որ այս համագործակցությունը հնարավորություն կընձեռի ուղիներ գտնել այդ համայնքներում երկարաժամկետ կայունություն ապահովելու համար:
Նախարար Մորթընը հանդիպում կունենա Արտաքին գործերի նախարար Այվազյանի հետ և կվերահաստատի Միացյալ Թագավորության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին` Լեռնային Ղարաբաղում իրական և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ: