ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ցանկացավ իմանալ՝ «Իսկանդեր»-ը կրակե՞լ է, թե՞ ոչ, գիտակցե՞լ է արդյոք վարչապետը, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր այդ առնչությամբ հայտարարությունը։
Նիկոլ Փաշինյանի փոխարեն, սակայն, հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ տվյալ հարցի շուրջ բոլոր հնարավոր պարզաբանումներն ու հայտարարությունները եղել են։
«Պարզաբանումները տրվել են վարչապետի մամուլի խոսնակի կողմից: Կարծում եմ՝ այդտեղ որևէ ավելացնելու բան չկա: Ինչ վերաբերում է ռուսական կողմին՝ կառաջարկեմ ծանոթանալ ռուսական կողմի հայտարարությանը, որում նույնպես ասվում է, որ հարցը պարզաբանված է, և որևէ խնդիր չկա»,- նշեց փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել է՝ «Թող հարց տան՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով»։ Լրագրողի ճշտող հարցին, թե դա իրո՞ք այդպես է եղել, Փաշինյանը պատասխանել է՝ «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:
Վարչապետի պատասխանը բուռն քննադատության ենթարկվեց, որից հետո ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը պարզաբանել էր, որ «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ Փաշինյանին ճիշտ չի զեկուցվել։
Մանրամասները՝ տեսանյութում․