««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ փաթեթի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:
Անի Սամսոնյանի գնահատմամբ՝ նախագծով Բարձրագույն դատական խորհուրդը միջամտելու է դատավորների ու դատարանների աշխատանքին:
«Մասնագիտական քննարկումների արդյունքու՞մ եք հանգել նման փոփոխության անհրաժեշտությանը, թե քաղաքական որոշում ունեք»,-հարցրեց պատգամավորը:
«Քաղաքացին, որի նկատմամբ իր մասնակցությամբ ընթացած նիստի ժամանակ տեղի է ունեցել կարգապահական խախտում, կարող է դիմել ԲԴԽ-ին: Ո՞րն է այս քայլի հակաժողովրդավարական լինելը: Մենք հնարավորություն ենք տալիս ԲԴԽ-ին ընդունելու նորմատիվ-իրավական ակտեր, որպեսզի կարողանա առավել արդյունավետ կարգավորել այս կամ այն հարցը»,-պարզաբանեց Վարդանյանը:
Հերիքնազ Տիգրանյանը փորձեց պարզել՝ բացարկ հայտնելու կամ ապացույցներ ներկայացնելու իրավունքների սահմանափակումները կարո՞ղ են դատավարության կողմերին զրկել դատավարական որոշ իրավունքներ հիմնավորված ներկայացնելու հնարավորությունից:
Վլադիմիր Վարդանյանը հստակեցրեց. «Խոսքը վերաբերում է պարբերաբար միևնույն իրավունքը նույն նիստի ընթացքում չարաշահելուն: Ի վերջո, մենք ուզում ենք արդարադատությու՞ն, թե՞ փաստաբանություն, որն առաջնորդվում է՝ միայն գործը ձգձգելով: Գործեր կան, որոնք 10-15 տարի տեւում են: Իհարկե, դատավորը պետք է բծախնդիր լինի այս իրավունքի իրացման հարցում եւ հստակ հասկանա՝ առկա՞ է չարաշահում, թե՞ ոչ»: