«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դոլարի կուրսն էապես նվազեց․ եթե նախօրդ օրերին հասել էր ընդհուպ 540-ի, ապա մեկ օրում իջավ մինչեւ 1 դոլարի դիմաց 515 դրամ։ Պարզվեց, սա Կենտրոնական բանկի միջամտության արդյունք է։
ԿԲ-ից մեզ ասացին՝ ինտերվենցիա են արել, այսինքն՝ հավելյալ դոլար են բաց թողել շուկա, որը ոչ միայն զսպել է դոլարի բարձրացումը, այլեւ նպաստել դրամի որոշ ժամանակով արժեւորմանը։ Այդ մասին, ի դեպ, ապրիլի 8-ին հայտարարել էր նաեւ Կենտրոնական բանկը, որ «ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվեց արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր եւ զոհված հայ զինվորականների սաղավարտներ:
Երեկ խորհրդարանում տարբեր հարցերի քննարկման ընթացքում թիվ մեկ թեման ալիեւյան «պուրակն» էր, եւ պատգամավորները դատապարտեցին Իլհամ Ալիեւի նման վարգագիծը, հայտարարություններ տարածեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ եւ Արցախի ԱԳՆ-ները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի հարաբերություններում վերջին օրերին կտրուկ շրջադարձ է նկատվում: Տեւական ժամանակ անկյուն քշված Միրզոյանի հետ Փաշինյանն իր մոսկովյան այցից հետո ավելի սերտ է շփվում:
Որոշ տեղեկություններով, ամեն օր կառավարության ամառանոցում Նիկոլ Փաշինյան-Արարատ Միրզոյան-Տիգրան Ավինյան եռյակը քննարկում է նախընտրական հարցեր՝ Աննա Հակոբյանի աչալուրջ հայացքի ներքո։ Մասնավորապես, նախընտրական ծրագիր են գրում, լոզունգներ մշակում, քննարկում են քաղաքական ուժի բրենդի փոփոխության հարցը: Երբեմն այլ կուսակիցներ էլ են միանում, բայց ուղեղային կենտրոնն այս եռանկյունին է»։
«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե մինչեւ արտահերթ ընտրություններն իշխանությունը մտադիր է ազատվել քաղաքապետ Հայկ Մարությանից:
Խնդիրն այն է, որ Սուպեր Հայկոն լիովին մտել է դերի մեջ եւ փորձում է սուպեր քաղաքապետ խաղալ, ինչը բոլորովին իմքայլականների սրտով չէ: Նրանք այս շրջանում Մարությանից ակնկալում են ընտրական ձայներ եւ քաղաքական դիվիդենտներ, իսկ վերջինս ամեն կերպ փորձում է առանձնանալ եւ նույնիսկ ինչ-ինչ հարցերում հակառակվել Փաշինյան Նիկոլին:
Դրա համար էլ իմքայլական իշխանության վերին օղակների համբերության բաժակը լցվել է եւ իրար հերթ չտալով՝ Փաշինյանին խորհուրդ են տալիս քայլ անել, մերժել Հայկոյին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստ է կայացել: Կուսակցության փոխնախագահ է ընտրվել պատգամավոր Շաքե Իսայանը՝ փոխարինելով Սերգեյ Բագրատյանին, որն ամիսներ առաջ դուրս եկավ ԲՀԿ-ից:
Հիշեցնենք, որ կուսակցությունը եւս չորս փոխնախագահ ունի՝ Վարդան Վարդանյան, Վահե Էնֆիաջյան, Միքայել Մելքումյան եւ Արմեն Արզումանյան: Ինչ վերաբերում է Շաքե Իսայանին, ապա վերջին տարիներին նա վայելում է Գագիկ Ծառուկյանի համակրանքը, եւ ԲՀԿ-ում այլեւս չեն կասկածում, որ նախընտրական ցուցակի առաջին կինը հենց Շաքեն է լինելու»: