«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կնոջ հետ մասնավոր այցով գտնվում է Մոսկվայում: Նախօրեին մենք գրել էինք, թե տեղեկություն ունենք, որ նրան շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»: ՌԴ հատուկ ծառայություններն անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ ենթարկվելու վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել»։
Երեկ տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանը որոշել է «հաճելին օգտակարի հետ զուգակցել»․ մեր աղբյուրները հաղորդում են, որ Արցախի նախագահը Մոսկվայում պատրաստվում է տուն գնել: ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին հարց ուղղեցինք, նա ասաց․ «Արցախի նախագահականը նման ինֆորմացիայի չի տիրապետում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երկու օր է՝ հասարակության ներսում բուռն քննարկվում են Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցն ու դրան հաջորդած իրադարձությունները: Չեն դադարում տարատեսակ տեղեկատվական հոսքերը. Ընդդիմությունը եւ սոցցանցերի որոշ հատված սկսել է ներկայացնել կատարվածն այնպես, իբրեւ թե ողջ Սյունիքն է ոտքի կանգնել: Իսկ, ահա, իշխանական ճամբարում պնդում են, որ դրանք ընդամենը մարդկանց փոքր խմբեր են, որոնք կատարում էին նախկին օլիգարխիկ շրջանակների հանձնարարականները:
Փորձեցինք տարբեր աղբյուրներից մոտավոր տվյալներ ստանալ, թե որքան էր Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա անողների մոտավոր թիվը. մեզ հայտնեցին, որ Ագարակում եղել է 50 հոգի (որոնցից ակտիվ են եղել 20-25-ը)՝ ներառյալ համայնքի ղեկավարը, տեղակալը եւ վարչական այլ աշխատակիցներ, իսկ Շուռնուխում այդ թիվը եղել է 25-ին մոտ, այդ թվում՝ համայնքի ղեկավարն ու իր եղբայրը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Սարյան փողոցի վրա գտնվող «Հայփոստի» բարձրահարկ շենքը մասնավորեցվում է որպես բնակֆոնդ:
Ըստ նույն լուրերի, այդ ամենի թիկունքում կանգնած է սուսիկ-փուսիկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աղբյուրը տեղեկացնում է, որ այս ամենը արվում է պարոն Գրիգորյանին հնարավորինս հաճոյանալու համար, քանի որ վերջինս ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ բանակցություններում ամեն ինչ անում է այնպես, ինչպես հրամայում է իր ղեկավարի սիրտը: Ու սա դրա «բոնուսն» է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նոր սցենար ունեն դատական համակարգն իրենց ենթարկեցնելու համար:
Մասնավորապես, նրանք այս օրերին քննարկում են Վճռաբեկ դատարանի վարչական ու քաղաքացիական պալատների միացման հարցը: Բանն այն է, որ իշխանությունները խնդրի առջեւ են կանգնում ամեն անգամ, երբ վարչական եւ քաղաքացիական դատարաններում կարեւոր գործեր են քննվում»: