Անկարայում ԱՄՆ դեսպանատան առջև կայացած հանրահավաքի ընթացքում թուրքական «Վաթան» («Հայրենիք») կուսակցությունը կոչ է արել փակել ԱՄՆ-ի ռազմական բազաները և Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս` ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման. հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բայդենի հայտարարությունը հիմնված է պոպուլիզմի վրա, Թուրքիան մերժում է այն:
«Մենք դիմում ենք կառավարությանը: Բայդենի հարձակումը չի կարող պատասխանվել բառերով: Գործողությունը հրամայական է: Ինջիրլիկի և Կուրեչիկի հենակետերը անհապաղ պետք է անցնեն Թուրքիայի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ, իսկ ամերիկյան զորքերը պետք է ուղարկվեն իրենց երկիր 15 օրվա ընթացքում: Ղրիմը և Աբխազիան, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի (ինքնահռչակ) Թուրքական Հանրապետությունը ճանաչելու համար պետք է դիվանագիտական շփումներ սկսվեն Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ», – բողոքի ցույցի ժամանակ կուսակցության գլխավոր քարտուղար Օզգուր Բուրսալին կարդացել է հայտարարությունը ԱՄՆ դիվանագիտական առաքելության դիմաց: