«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը նպատակ ունի առաջիկայում լուծարել Հայաստանում գործող բոլոր տեսչական մարմինները, քանի որ նրանց այդպես էլ չկարողացավ ենթարկեցնել: Եվ հիմա քանի որ բոլոր տեսչական մարմինները վարչապետին կից կառույցներ են, նա նաեւ նպատակ ունի դրանք տանել եւ միավորել նախարարություններին, ինչպես եղել է նախկինում:
Նախարարները աշխատում էին, հետո իրենց նշանակած կադրը ստուգում էր նախարարության գործունեությունը։ Եվ հիմա Արսեն Թորոսյանը նպատակ է դրել ազատվել տեսչական մարմինների գրասենյակներից ու նոր ձեւավորվող տեսչություններում իրենց ցանկալի անձանց նշանակել։ Թե ինչով կավարտվեն աղմկահարույց պաշտոնյայի նկրտումները, դժվար է ասել, սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է մեկնարկը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հնարավոր է չստորագրի երեկ ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխությունները՝ քրեական եւ վարչական օրենսգրքերում, քանի որ, ինչպես տեղեկացրեց Լիլիթ Մակունցը, նախատեսվող փոփոխությունների փաթեթը նախապես ուղարկել են նախագահական, առաջարկել կարծիք հայտնել, սակայն մինչ օրս չեն ստացել պատասխանը։ Եթե նախագահը չստորագրի եւ չդիմի Սահմանադրական դատարան, ապա 21 օր անց ԱԺ նախագահը կստորագրի օրենքը, եւ այն, իշխանությունների սիրած տերմինով՝ իրավունքի ուժով ուժի մեջ կմտնի՝ ընտրությունից հինգ պակաս։ Այսօր խորհրդարանը նախագիծը կքննարկի երկրորդ ընթերցմամբ»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստացի այսօր Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները: Հենց նրանց միջոցով էլ նա սկսել է յուրատեսակ «տեռոր» իրականացնել: Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ոստիկանություն են կանչվում դպրոցների ուսուցիչներ, որոնց հետ, ըստ էության, նախընտրական «զրույցներ» են տարվում: Այս օրերին քրեական գործեր են «կարվում» մի շարք ընդդիմադիրների նկատմամբ, ոմանց հրավիրում են ԱԱԾ: Օրինակ՝ երեկ մեզ հետ զրույցում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը հաստատեց, որ իրեն և ամուսնուն նույնպես հրավիրել են ԱԱԾ: Այսպիսի օրինակները քիչ չեն, և կան տեղեկություններ, որ գնալով զանգվածային բնույթ են ստանալու, հին ու նոր «գործեր» են «վերակենդանացնելու», քանի որ Փաշինյանը պարզապես սարսափած է ընտրություններում պարտվելու մտքից»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանի՝ ԱԺ կատարած անհաջող այցից հետո պետական պաշտոնյաների աչքը վախեցել է․ նրանք մերժում են գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի՝ ԱԺ անկախ պատգամավորների հրավերը, քանի որ անցած շաբաթ Ավագյանը, անկախներին հյուրընկալվելուց հետո, պաշտոնազրկվել էր։ Մասնավորապես, փոխարտգործնախարարներից մեկն է հրաժարվել, իսկ ՊՆ ներկայացուցիչ, գերիների հարցով զբաղվող Մարտիկյանն առաջարկել է թույլտվություն ստանալ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից, նրա համաձայնությունից հետո խոստացել է գալ ԱԺ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին ազատ արձակելու թեման կռվախնձոր է դարձել: Բանն այն է, որ նախաքննական մարմինների ղեկավարներն իշխանության ներկայացուցիչներին բացատրել են, որ իրենք ամեն ինչ անում են բողոքի ակցիայի մասնակիցներին կալանավորելու համար, սակայն դատարանները նրանց ազատ են արձակում: Իսկ, ահա, դատական համակարգն էլ իշխանություններին հասկացրել է, որ քննիչները լավ չեն աշխատել եւ կալանքի միջնորդությունների ժամանակ տեսանյութ չեն ցուցադրել, թե կոնկրետ բողոքի ակցիայի մասնակիցներից ով ինչ է անում, եւ ինչ հիմք կա նրանց կալանքի համար: Եվ, ահա, երբ դատավորներն ասել են՝ ապացույց բերեն, քննիչները բացատրել են, թե այս պահին չունեն տեսանյութ, իսկ դատավորներին էլ այլ ելք չի մնացել, քան նրանց ազատ արձակել: Ասել է թե՝ Սյունիքի բողոքի ակցիաների մասնակիցներին չկալանավորելու գործում քննիչները մեղքը գցում են դատարանների վրա, իսկ դատավորներն էլ՝ քննիչների վրա»։