Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համաձայն է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ով հայտարարել է՝ կապիտուլյանտը, հողատուն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են:
«Միանշանակ, Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, իմ ղեկավարն է, ու ես առաջնորդվում եմ նրա հայտարարություններով»,-Կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղարը:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի՝ երեք նախկին նախագահներով համախմբվելու և դաշինքով ընտրություններին մասնակցելու առաջարկին, Գրիգորյանը նշեց.
«Հետաքրքիր է, որ պատերազմի ընթացքում է նման ֆորմատով հանդիպում եղել, և նրանք ցանկանում էին համատեղ ինչ-որ նախաձեռնություն իրականացնել։ Նրանց համագործակցությունը չստացվեց, որի համար մեղադրեցին վարչապետին: Կարծում եմ՝ խնդիրը որևէ անձ չէ, այլ հենց իրենք են ու իրենց անհաջողությունները», – նկատեց Գրիգորյանը։
Նրա կարծիքով՝ առաջիկա խոհրդարանական ընտրություններում ժողովուրդն է հենց գնահատական տալու նրանց։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ ՀՀ երեք նախկին նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել:
Ըստ Արմեն Գրիգորյանի՝ նախկին նախագահները հանդիպել են ցուցակ ճշգրտելու նպատակով՝ մինչդեռ հայտարարել էին, որ հանդիպում են Արցախի համար։
Ի դեպ, ԱԽ քարտուղարը խոսեց նաև ռազմական բյուջեր մասին և շեշտեց, որ Ադրբեջանը շարունակաբար ռազմական բյուջե էր ավելացնում, իսկ Հայաստանը այդ ուղղությամբ գրեթե ոչ մի քայլ չէր անում։
«Մենք շուտով կհրապարակենք, թե 2018-2020 թթ., ի համեմատություն 2016-2018 թթ., մեր իշխանությունը ինչեր է արել, գրեթե բոլոր ուղղություններով մենք սպառազինություն ենք ավելացրել: Պարտվել ենք, որովհետև անցած մյուս 10-20 տարիներին նույն կերպով աշխատանք չի տարվել», – եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող միասնական ցուցակով:
Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանն այդ առաջարկը հնչեցրեց նաև երեկ՝ արդեն հրապարակավ, սակայն և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի գրասենյակներն այդ առաջարկը կրկին մերժեցին, որի մասին նշված էր նրանց տարածած հայտարարություններում։ Ավելին՝ նաև իրենց դժգոհությունը հայտնեցին առ այն, որ Առաջին նախագահը հանդիպման մանրամասները հանրայնացրել է՝ առանց իրենց հետ համաձայնեցնելու։