Հանրային ՀԸ-ում՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ձեռքում եղած քարտեզներով Սյունիքի այդ ամբողջ տարածքները մերն են:
«Ընդհանրապես գոյություն ունեն 1929 թ., 1976 թ. և 1986 թ. քարտեզներ, որոնք նաև ունի Ռուսաստանը: Ռուսաստանի Գլխավոր շտաբը տիրապետում է այդ քարտեզներին և աստեղ կարևոր է որ և Ռուսաստանի, և մեր ձեռքում եղած քարտեզներով այդ տարածքները գտնվում են մեր վերահսկողության տակ: Դա է նաև պատճառը, որ բանակցությունների ընթացքում մենք խնդիր և պահանջ ենք դրել, որ ադրբեջանցիները պետք է վերդառնան ելման կետ՝ մայիսի 10-ի ելման կետ»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ վերջին 30 տարվա ընթացքում սահմանների ճշգրտում Հայաստանի և Ադրբեջանի միջև չի եղել:
«Ի դեպ, մենք պատրաստ ենք սահմանների ճշգրտման հարցով աշխատանքներ սկսել, որովհետև մենք հետաքրքրված ենք դրանով, դա մեր շահերից է բխում, որպեսզի սահմանն ամբողջովին հստակեցվի՝ գոյություն ունեցող քարտեզներով ու բանակցությունների միջոցով»,- ասաց ԱԽ քարտուղարը՝ շեշտելով, որ Հայաստանն այս լուծումը տեսնում է եռակողմ ֆորմատով՝ Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան:
«Լավրովն առաջարկում է, որպեսզի իրենց ձեռքում եղած քարտեզներով սահմանները հստակեցնենք»,- զրույցի ընթացքում հայտարարեց ԱԽ քարտուղարը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը Հանրայինի եթերում նաև հայտարարեց, որ Ադրբեջանի ձեռքի տակ եղածը քարտեզ չէ. «Ցանկացած թուղթ քարտեզ չի, քարտեզն այն է, որի տակ ստորագրություն կա, որի շուրջ ահագին աշխատանքներ են կատարվել: Իսկ այն ինչ Ադրբեջանն է ցույց տալիս, դա մասնագիտորեն քարտեզ անվանելը մեղք է»: