Դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ, որովհետև նրանք չորս եղբայր են, ամենքը մի ոլորտի բիզնես ունի, այդ թվում՝ միգուցե Խաչատուր Սուքիասյանը ունի բիզնես, որը հանձնված է կառավարման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Լրագրողները Հրաչյա Հակոբյանին հիշեցրել են 2018-ին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատվեն։ Հաշվի առնելով այդ հայատարարությունը՝ Հ․ Հակոբյանին հարց են ուղղել․ ինչպե՞ս է ստացվել, որ այժմ գործարարներ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը ՔՊ համամասնական ցուցակում են:
«Ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց, ըստ իս, Խաչատուր Սուքիասյանը շատ ավելի երկար տարիներ զբաղվել է քաղաքականությամբ։ 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական գործընթացների ժամանակ նա այն գործիչներից էր, որը հետապնդվում էր քաղաքական հայացքների համար, իր ընտանիքն ու եղբայրները որպես գոծարարներ ևս հետապնդվում էին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված է լինելու հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․