Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Մեզ համար շատ կարևոր են բարեկամները: Կենտրոնական Ասիայում քաղաքական առաջնորդը Ղազախստանն է: Ղազախստանը մեր բարեկամն է, և մենք ամեն բան պետք է անենք, որ մեր հարաբերությունները լինեն խորը, ջերմ և ամենօրյա: Հենց այդ նպատակով էլ եկել եմ՝ ամրապնդելու մեր բարեկամական հարաբերությունները: Եթե քո խնդիրներով բարեկամիդ հետ չխոսես դու, կխոսի հակառակորդդ, ով կասի բոլորովին հակառակը: Ուզում եմ վստահեցնել՝ ամենաջերմ ընդունելության եմ արժանացել: Ես վերադառնում եմ ավելի ինքնավստահ, որ մեր բարեկամությունը շարունակվում է»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ղազախստանում իր հանդիպումների ժամանակ ղազախ գործընկերները միշտ հարգանքով են խոսել հայկական համայնքի մասին, թե ինչ բարձր որակներ ունեն մեր հայրենակիցները, ինչքան հարգված են ու հաջողակ:
Ներկայացնելով իրավիճակը Հայաստանում՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մեր երկրի համար դժվար օրեր են, և պատճառները բազմազան են. «Նախ և առաջ, պատերազմը. ինչ-որ իմաստով զինադադար է, բայց պատերազմը չի ավարտվել: Չկա պայմանագիր, խաղաղություն: Անհայտ է՝ ու՞ր ենք գնալու Արցախի կարգավիճակի ուղղությամբ, ե՞րբ են սկսվելու և ինչ ընթացք են ունենալու բանակցությունները: Ինչպե՞ս են ձևավորվելու ապագա հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Վստահ եմ, բոլորդ գիտեք, թե ինչ զգայուն հարց է դա, և ոչ միայն մեր այն քաղաքացիների համար, ովքեր ապրում են սահմանամերձ շրջաններում, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների, ողջ հայ ժողովրդի համար: Ամեն օր նոր հարցեր են առաջանում, և այդ հարցերը շատ զգայուն են յուրաքանչյուրի համար:
Եթե ադրբեջանցի զինվորը Հայաստանի տարածք է մտնում կես, էլ չեմ ասում մի քանի կիլոմետր, դա մեծ ահազանգ է մեզնից յուրաքանչյուրի համար: Շատ մեծ խնդիր է Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր զինվորների հարցը: Հայաստանն ադրբեջանցի գերիներին վերադարձրել է, իսկ Ադրբեջանը դա չի անում և նրանց փորձում է օգտագործել որպես խաղաքարտ: Սա բացարձակ անընդունելի է:
Հայաստանում կան ընտանիքներ, որոնց տղաները, ամուսինները, հայրերը անհետ կորած են: Սա պարզապես սարսափելի է, քանի որ չգիտես՝ զավակդ ո՞ղջ է, թե ոչ: Այսինքն, ամեն օր նրանք կանգնած են դրախտի և դժոխքի արանքում»:
Նշելով, որ, որպես իրավիճակից լուծում, Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահ Սարգսյանն ասել է, որ միայն մի ճանապարհ ունենք՝ պետք է բոլորս միասին աշխատենք:
«Բաժանված Հայաստանը չի կարողանալու հաղթահարել այսօրվա իրավիճակը: Իհարկե, ի վերջո, ճշմարտությունը մի օր պետք է սեղանին դրվի, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այս կամ այն սխալ որոշման համար, պետք է պատասխանատվության կանչվեն: Սակայն այդ ամենից առաջ և դրանից հետո, ինչքան էլ որ համաձայն չլինենք իրար հետ ու տարբեր քաղաքական հայացքներ ունենանք, պետք է մտածենք, որ ելքը մեկն է՝ միասին պետք է հաղթահարենք: Բացարձակապես չեմ ընդունում, որ մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին բաժանեն հնի ու նորի, սևի ու սպիտակի: Բոլորս հայ ենք, հայ լինելով՝ մեզնից յուրաքանչյուրն անհատականություն է և ունի իր կարծիքը»,-նշել է նա:
Նա նշել է ,որ Սփյուռքի և Հայաստանի միջև պատեր չպետք է լինեն, մենք բոլորս պետք է ապրենք որպես մեկ ընտանիք:
Մանրամասները՝ տեսանյութում.