«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 6-ից տարածաշրջանում գտնվող ԱՄՆ-ի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը երեկ ժամանել է Հայաստան և ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ռիքերին փոխանցել է նամակ, որով կոչ է արել ԱՄՆ կառավարությանը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության մի շարք ներկայացուցիչների նկատմամբ կիրառել սանկցիաներ: Ներկայացվել են նաև համապատասխան հիմնավորումները, թե ինչու պետք է սանկցիաներ կիրառել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի կառավարությունը խորհրդարան է ուղարկել աղմկահարույց օրենքի նախագիծ, որով առաջարկում է ռազմական դրության ժամանակ պարտադրանք կիրառել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կհրաժարվեն իրենց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ մասնավորապես շենք-շինությունը, ինքնակամ տրամադրել պետության կարիքների համար օգտագործման։ Խոսքը վերաբերում է ոչ միայն բնակարաններին եւ առանձնատներին, այլեւ պահեստներին եւ այլ շինություններին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկրորդ համարում, բայց հակասական տրամադրություններ կան նրա եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ: Նրանք այնքան էլ հաշտ չեն, չնայած փորձում են ցույց տալ, թե իրենց միջեւ խնդիրներ չկան:
Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ Արարատ Միրզոյանն իր մտերիմ շրջապատին ասել է, որ քարոզարշավին ակտիվ մասնակցություն չի ունենալու, գուցե մի քանի տեղ գնա, ներկա գտնվի, բայց չի շրջելու: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանի համար վստահելի մարդիկ են համարվում միայն Սուրեն Պապիկյանն ու Ալեն Սիմոնյանը եւ հենց նրանք են միշտ լինում Նիկոլ Փաշինյանի կողքին շրջայցերի ժամանակ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախընտրական այցերի ժամանակ մարդաքանակ ապահովելու համար մարզպետարանները ջանք ու եռանդ չեն խնայում պետական կառույցների միջոցով որոշակի քանակի մարդ ապահովելու համար, որպեսզի «շեֆի» մոտ խայտառակ չլինեն, ինչպես նաև Ֆեյսբուքում դնելու կադրեր ունենան:
Սակայն «Փաստ» թերթի ստացած տեղեկություններով, Փաշինյանի հանդիպումներին մասնակցածների մեծ մասը ոչ մի դեպքում չի պատրաստվում ձայն տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Մենք արդեն մի քանի մարզից տեղեկություններ ենք ստացել, որ հանդիպման գնացածներից շատերը հանդիպել են ընդդիմության ներկայացուցիչներին և հավաստիացրել, որ «ձեռքներս կկտրենք, էդ Նիկոլին կյանքում ձայն չենք տա»: Նրանք նաև ասել են, որ իրենք մինչև ընտրությունները ցանկություն չունեն ո՛չ անիմաստ պատմությունների մեջ ընկնել, ո՛չ էլ, առավել ևս աշխատանքը կորցնել»: