Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինը մատնանշեց Ռուսաստանի դրական դերը Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատման գործում և ակնկալում է այդ թեման բարձրաձայնել չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է TACC-ը:
«Հրադադարը, որը շարունակվում է պահպանվել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, իրականացվեց Ռուսաստանի շնորհիվ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Պարմելինը՝ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո:
«Այս թեման առաջնային է: Մենք նախատեսել ենք այս թեման քննարկել մեր օրակարգում և հուսով ենք, որ այս հարցը կբարձրացվի քննարկման ընթացքում»,- հավելեց Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսը։
Ակնկալվում է, որ Պուտինը և ռուսական պատվիրակության անդամները Բայդենի հետ հանդիպումից հետո, հունիսի 16-ին բանակցություններ կանցկացնեն շվեյցարական կողմի հետ:
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում՝ Վիլլա Լա Գրենժում: Ռուսաստանի ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ, կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վիճակը, հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի հարցեր, ներառյալ համաճարակների դեմ պայքարում փոխգործակցությունը և կարգավորման գործընթացը: