«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը մեծ ցանկություն է ունեցել նոր խորհրդարանում որեւէ պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ լինելու որեւէ հանձնաժողովի նախագահ: Ըստ մեր տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն ընդունել այդ տարբերակը, եւ մեծամասնության համար ընդունելի չի եղել նրա կողմից հանձնաժողով գլխավորելու տարբերակը: Ավելին, թիմում չեն ընդունել նաեւ հանձնաժողովի փոխնախագահ լինելու տարբերակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս խմբակցության փակ քննարկումների ժամանակ ամեն ինչ արել է, որ դառնա գոնե Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի նախագահ, որը, սակայն, տվել են Վահե Ղալումյանին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկությունների համաձայն՝ հայրենի կառավարությունում ևս արշալույսները խաղաղ չեն։ Բանն այն է, որ ՀՀ փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանն ամեն ինչ անում է կառավարության կորիզն իր ձեռքը վերցնելու, տարբեր նախարարություններ իրեն ենթարկեցնելու համար։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Սուրեն Պապիկյանն իրեն լիովին վարչապետի կարգավիճակ է տվել, ու, կարելի է ասել, բոլոր հարցերը զեկուցում են հենց Պապիկյանին։ Կադրային հարցերը ևս Պապիկյանի հսկողության տակ են գտնվում, վերջինս անձամբ է որոշում՝ ով պետք է մնա իրենց թիմում աշխատելու, ով պատերազմից հետո իրենց հետ չէ ու պետք է հեռանա կառավարության տարբեր գերատեսչություններից։
Պարզվում է՝ Պապիկյանը, հեռանալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որոշել է, որ իր հետ պետք է տանի ասֆալտի փռման մենաշնորհը, ու ամենախոշոր գումարներն աշխատելու մեխանիզմը ևս Պապիկյանի ձեռքում է։ Վերջինս անձամբ է հսկում ճանապարհաշինության հետ կապված բոլոր աշխատանքները, գնումների գործընթացը, մի խոսքով, բոլոր ֆինանսական լծակները նրա ձեռքում են»։
«Ժողովուրդը» գրում է․ «Խորհրդարանը երեկվանից շարունակեց 8-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները: Անցած մեկ շաբաթվա ընթացքում դեռ միայն ԱԺ նախագահ և 3 տեղակալներ են ընտրվել. պիտի 12 հանձնաժողովների նախագահներ ևս ընտրվեն:
Ու եթե աշխատանքի այս տեմպերը շարունակվեն, առաջիկա շաբաթը ևս նոր խորհրդարանի համար բուռն է լինելու: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ընդամենը երկու հանձնաժողովների նախագահի թեկնածուներ են ելույթներ ունեցել և պատասխանել հարցերին. դեռ 10-ը պիտի ներկայացնեն ելույթները, հարցերին պատասխանեն:
Օրաթերթին հայտնի դարձավ իր աղբյուրներից, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի անհարմար հարցեր տա «Վերածնվող հայաստան»-ի առաջնորդ Վահե Հակոբյանին, որը առաջադրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Հատկապես շեշտը դնելու են նրա ունեցվածքի վրա»։