«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում վերջին օրերին ահազանգեր են հնչում, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում մտադիր են անձնագիրը փոխել կամ նորը ստանալ, խնդրի առաջ են կանգնում. Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային բաժանմունքներում հորդորում են սպասել` պատճառաբանելով, թե անձնագրի տպագրության համար նախատեսված թուղթը դեռ չկա: Թե ինչ է իրականում կատարվում, «Իրավունքին» որոշ տեղեկություններ են հայտնի դարձել: Պարզվում է` նախկինում անձնագրերը տպագրվում էին Հայաստանում, ընդ որում` բավական բարձր որակով, իսկ ներկա իշխանությունների օրոք ինչ-ինչ պատճառներով տպագրության պատվերներն ուղարկվում են Եվրոպա»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ անկախության տոնի համերգը նախապես լրիվ այլ ծրագրով էր լինելու` իսկապես «գունագեղ» եւ «տաշի-տուշի» ոճի մեջ: Սակայն, մի կողմից, հանրային ընդվզումը, մյուս կողմից՝ կատարողներից շատերի՝ մասնակցությունից հրաժարվելը փոխել են կազմակերպիչների ծրագրերը: Ընդ որում, համերգի նախնական սցենարը կազմվել է դեռեւս օգոստոսի սկզբին: «Դոմինո փրոդաքշնի» ներկայացուցիչները մի շքեղ, գունավոր պորտֆոլիո են սարքել եւ այցելել հավանական մասնակիցներին` ներկայացնելով իրենց առաջարկը: Ըստ նախնական ծրագրի, տոնակատարությանը պետք է մասնակցեին Սերժ Թանկյանը` իր խմբով, Արթուր Մեսչյանը, Ռուբեն Հախվերդյանը, Տիգրան Հեքեքյանի «Փոքրիկ երգիչները»: Սակայն մի քանի օր անց պարզվել է, որ Թանկյանի խումբը չի գալու»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներն ընկել են անհարմար դրության մեջ. պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 15-ի՝ Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին հրամանագիրն է։ Խոսքը օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց մասին է, որոնք Ռուսաստան են մեկնել մինչեւ նախորդ տարվա մարտի 15-ը, այդ թվում եւ նրանց, որոնք այս տարվա հունիսի 16-ի դրությամբ չունեն ՌԴ-ում մնալու օրինական հիմքեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ քաղաքացիներին իրավական իրավիճակի կարգավորման վերաբերյալ հնարավորություն է տրվել մինչեւ այս ամսվա վերջ դիմում ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել՝ վերակազմակերպում, անդամների վերահաշվառում։ Առաջիկայում համագումարի են պատրաստվում, որտեղ կհրապարակեն իրենց հետագա մարտավարությունը։ Քանի որ 2018-ից հետո երբեմնի 100 հազարանոց կուսակցության շարքերը կտրուկ նոսրացել են, ՀՀԿ-ում որոշել են խստացնել անդամակցության կամ անդամ մնալու պահանջները։ Ուզում են իրենց շարքերից հեռացնել պատեհապաշտներին, որոնք անդամագրվել են բացառապես իշխանությանը մոտ լինելու համար։ Եվ այս օրերին ինչպես Երեւանում, այնպես էլ տարածքային կառույցներում ՀՀԿ անդամներից պահանջում են նորից անդամագրման դիմում գրել, որպեսզի հաստատեն ՀՀԿ շարքերում մնալու իրենց ցանկությունը։ Հավատացնում են, որ եթե իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն զանգվածաբար լքում էին, ապա այսօր իրենց շարքերը շատ նոսր չեն, եւ ապագայի հանդեպ էլ վառ հույսեր ունեն»: