Ե՛վ մենք, և՛ իրանական կողմը մտահոգված ենք Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ հարցը քննարկում են բոլոր մակարդակներում։
«Ե՛վ մեր ռուս գործընկերների, և՛ ադրբեջանցիների հետ քննարկումներում բարձրացնում ենք այս հարցն ու ակնկալում արագ լուծել»,- ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Հարցին՝ Գորիս-Կապան ճանապարհն անվտա՞նգ է, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ նոյեմբերի 9-ից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հայկական կողմը պետք է այդ ճանապարհն անվտանգ օգտագործի:
Նրա խոսքով՝ այս ընթացքում խնդիրներ են առաջացել, մտահոգություններ կան, և իրենք բոլոր քայլերը ձեռնարկում են, որ այլևս որևէ խնդիր չառաջանա։ Արմեն Գրիգորյանը հույս հայտնեց, որ այդ ճանապարհը կկարողանանք անվտանգ շահագործել։
«Այս ճանապարհին ադրբեջանական կողմը պրովոկացիաների է դիմում։ Հայաստանի կողմից դատապարտող հայտարարություններ են եղել ավտոբուսի կանգնեցնելու վերաբերյալ։ Խնդիրը քննարկվել է նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ»,- մանրամասնեց նա։
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտան հատվածում ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել։
Իրանից եկող բեռնատարներից Ադրբեջանը մաքսատուրք է գանձում։ Ձերբակալվել է իրանցի երկու վարորդ: Հիշեցնենք նաև, որ ըստ ՀՀ ԱԱԾ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Ի դեպ, Կոտայքի երկու բնակիչներ շեղվել էին ճանապարհից և հայտնվել ադրբեջանական կողմում։