Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասաց, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Ադրբեջան և Հայաստան և հույս ունի դրական դեր խաղալ հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում, փոխանցում է TACC-ը:
«Վաղը ես մեկնելու եմ Բաքու: Ես հանդիպում կունենամ նախագահ Ալիևի հետ, որին շատ հարգում եմ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Ամենակարևորը՝ մենք վստահում ենք միմյանց: Եթե երկրների և առաջնորդների միջև վստահություն լինի, ես կարծում եմ, որ բոլոր հարցերը պատշաճ կերպով կլուծվեն»,- Imedi հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ղարիբաշվիլին:
«Ես նույն հարաբերություններն ունեմ պարոն Փաշինյանի հետ, որը Թբիլիսիում էր մի քանի շաբաթ առաջ: Նաև պլանավորում եմ մոտ ժամանակներս այցելել Հայաստան: Կարծում եմ, որ կարող եմ իմ ողջ էներգիան ներդնել (Երևանի և Բաքվի հարաբերությունների-խմբ․) կարգավորման մեջ և դրական դեր խաղալ»:
Ավելի վաղ Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ առաջարկել է համաշխարհային առաջնորդներին «խաղաղ հարևանության նախաձեռնություն»՝ ապահովելու Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն:
Ինչպես այն ժամանակ նշել էր Վրաստանի վարչապետը, Թբիլիսին պատրաստ է հյուրընկալել խաղաղության նախաձեռնության շրջանակներում առաջին հանդիպումը: Նրա խոսքով՝ նոր ձևաչափը կօգնի կառուցել երկխոսություն և կլինի գործնական լուծում տարածաշրջանային խնդիրներին:
Ավելի ուշ Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանը հանդես է եկել նախաձեռնությամբ` ստեղծել հարթակ Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի միջև բարձր մակարդակի շփումների համար: