Մի շարք պետությունների հետ Ադրբեջանի համատեղ վարժանքները դրական հույզեր չեն ներշնչում։
Այս մասին չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը` մեկնաբանելով Իրանի հյուսիս-արևելքում Իրանի զինված ուժերի վարժանքները:
Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն անցկացրել է ընդամենը մեկ վարժանք, և այդ մասին տեղեկացվել են տարածաշրջանի բոլոր երկրները: «Նմանատիպ զորավարժություններ անցկացվեցին Իրանի տարածքում, սակայն մեր ուղերձը վերաբերում է միայն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ցանկությանը: Մյուս կողմից, Ադրբեջանը հաճախակի վարժանքներ է անցկացնում տարբեր երկրների հետ, իսկ տարածաշրջանում տարբեր երկրների կուտակումը դրական հույզեր չի ներշնչում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Նկատենք, որ Աբդոլլահիանը, ըստ էության, պատասխանեց Սերգեյ Լավրովին, որը նույն ասուլիսում ասաց, որ Ռուսաստանը դեմ է տարածաշրջանում ռազմական ակտիվության աճին, «վարժանքներին, որոնք կարող են սադրիչ բնույթ կրել»: «Կան, մասնավորապես, մտահոգություններ, որոնք Ադրբեջանն արտահայտում է իրանական զորավարժությունների կապակցությամբ, որոնք անցկացվել են իր սահմանների մոտ»,- ասել է Լավրովը: