Ակնհայտ է, որ Սյունիքում ստեղծված ռիսկերը շարունակվում են պահպանվել․ Ադրբեջանը սահմանի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ է կատարում, որոնք բնույթով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական նշանակություն ունեն։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Խոսելով ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովում քննարկված առաջարկի մասին, որը վերաբերում է ուժային կառույցների ղեկավարների խորհրդարան գալուն՝ պատգամավորն ասաց․
«Շատ մտահոգիչ են նաև Սյունիքի հարակից, Արցախից բռնազավթված տարածքներում Ադրբեջանի ամրացումները, որոնք կապված են սահմանապահ զորամասերի տեղակայման ու այդ հատվածներում ամրաշինական ենթակառուցվածքների աշխատանքների հետ։ Այլընտրանքային ճանապարհը, որը կառուցվում է, մի քանի հարցեր կլուծի, սակայն Սյունիքի անվտանգության հարցը ամբողջական չի լուծի»։
Նա հավելեց, որ իշխանությունը համառ ջանքեր է իրականացնում, որպեսզի ուժային կառույցի ղեկավարները որևէ պարագայում չգան խորհրդարան ու չպատասխանեն հարցերին։ Սակայն ըստ Աբրահամյանի՝ ակնհայտ է, որ կա հանրային պահանջ այդ մարդկանց հետ որևէ ձևաչափով քննարկում անցկացնելու և մտահոգող հարցերի պատասխաններ ստանալու։
«Իշխանությունների այս մոտեցումն ավելի է խորացնում այն մտահոգությունը, որ անվտանգության համակարգում նախատեսված վերակազմավորումները չեն իրականացվում, ուժային կառույցներն ասելիք չունեն և խուսափում են մեր տեսադաշտում հայտնվելուց»,- ասաց պատգամավորը։