Ադրբեջանը հաղթեց մարտում, բայց ոչ պատերազմում: Այս մասին հայտարարել է ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը հոկտեմբերի 8-ին «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Կովկասի ինստիտուտը։ Յունուսը համաժողովին միացել էր Հոլանդիայից՝ տեսաուղերձի միջոցով:
Նա նշեց, որ մեծ գումարներ են ներդրվել Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման համար: Մասնավորապես՝ միայն 2009-2019 թվականն ընկած ժամանակահատվածում զենքի գնման համար հատկացվել է 26 միլիարդ դոլար: Ինչպես նկատել է իրավապաշտպանը, 44-օրյա պատերազմի արդյունքում յոթ շրջան վերադարձվել է, ինչը Ադրբեջանում ընկալվում է որպես նախագահ Իլհամ Ալիևի հսկայական հաղթանակ և անձնական վաստակ:
«Իրականում դա այդպես չէ: Փաստորեն, պատերազմից հետո կողմերը վերադարձան 1991 թվականի իրավիճակին, երբ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը չէր ենթարկվում Բաքվին, իսկ հարակից տարածքները գտնվում էին Մոսկվայի վերահսկողության տակ:
Իրավիճակը կրկնվում է․ 1994-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հայերը հաղթել են մարտում, բայց ոչ պատերազմում: Այժմ Ադրբեջանը նույն դիրքում է: Ղարաբաղը դեռ չի գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը նշանակում է, որ բանակցությունները կշարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, և իհարկե, բանակցությունները երկար կտևեն: Ավելին, այն, ինչ հակադրվում էր Հեյդար Ալիևին, ով դեմ էր ռուսական զորքերի ներկայությանը տարածաշրջանում, արեց Իլհամ Ալիևը, ով 25 տարի անց թույլ տվեց ռուսական զորքերին մուտք գործել Ղարաբաղ, նույնիսկ խաղաղապահների քողի տակ:
Բայց մենք բոլորս հիշում ենք Վրաստանի փորձը, որը ցույց է տալիս, որ այս կարգավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի: Իրականում տարածաշրջանում ոչինչ տեղի չունեցավ, ուստի բանակի գումարները մսխվեցին»,- ասել է իրավապաշտպանը: