Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի է ունեցելՌուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ 1988 թվականից սկսած սա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպումը բացվել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի բացման խոսքով:
«Մենք հավաքվել ենք այսօր քննարկելու Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտության հետևանքների հաղթահարման խնդիրը, որում ներգրավված են Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները: Շուրջ երեսուն տարվա ընթացքում մենք` հոգևոր առաջնորդներս, ջանում ենք, որպեսզի մեղմենք այս ողբերգական հակամարտությունը: Աստծուց կոչված ենք քարոզելու սեր և ողորմություն, անգամ երբ դա դժվար իրականանալի է թվում»,- ասել է նա:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, մասնավորապես նշել է .
«2017 թվականից ի վեր տևական ժամանակ հնարավորություն չենք ունեցել հանդիպելու հոգևոր առաջնորդների այս ձևաչափով, որտեղ ոչ միայն արծարծվում էին ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված մեր ժողովուրդների կյանքում առաջ եկած խնդիրները, այլև ուղիներ էին որոնվում դրանց հաղթահարման, մթնոլորտի լիցքաթափման և կայունացման՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման։ Այս առիթով մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր սիրեցյալ եղբորը` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ին՝ այս հանդիպումը կազմակերպելու համար»: