«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեւական ժամանակ խորհրդարան չէր գնում, նիստերին չէր մասնակցում։ Պարզվեց՝ նա քովիդով է վարակվել։ Հիմա արդեն լավ է, կազդուրվել է, շուտով կսկսի նաեւ ԱԺ գնալ։ Մենք նկատել էինք, որ ընտրվելուց հետո Սաղաթելյանի ներկայությունն ԱԺ նախագահությունում հիմնականում ֆորմալ բնույթ է կրում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից սկսած՝ աշխատողները կա՛մ պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը հավաստող փաստաթուղթ։ Կառավարության հոկտեմբերի յոթի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր խիստ լինել, ձերբակալել եւ կալանավորել այն մարդկանց, որոնք խոչընդոտում են պատրաստման ընթացքին եւ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկանք տրամադրում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Քաղպայմանագրի» սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանին, Սյունիքը նվաճելու դիմաց, Նիկոլ Փաշինյանը մարզպետի պաշտոն է խոստացել։ Իշխանությունների համար հույժ կարեւոր այս օպերացիայի հրամանատարը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի ժամանակներում ՃՈ պետի տեղակալ աշխատած Արմեն Խաչատրյանն է։ Սրանով է պայմանավորված, որ նա ջանք չի խնայում ՔՊ թեկնածուների համար, որոնց մեծ մասն իր «դաբրոյով» է առաջ քաշվել, ինչի արդյունքում իր դեմ է հանել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին եւ նրա կողմնակիցներին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մասնագետները պարբերաբար ահազանգում են, որ կառավարությունը մի կողմից՝ կապիտալ ծախսերը կիսով չափ թերակատարել է, մյուս կողմից՝ անընդհատ խնդիրներ է ունենում բյուջեի ընթացիկ ծախսերն ապահովելու համար: Ավելին, կարծիքիներ կան, որ առաջիկայում կառավարությունը դժվարություններ է ունենալու գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սոցիալական: Այս «ճեղքվածքները» փակելու համար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը անընդհատ մեծացնում է արտաքին պարտքը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարական կաբինետի ներկայացուցիչների ու պատգամավորների բարեկեցիկ կյանքի մասին մտահոգվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չոր աշխատավարձի» հույսին է: Օրաթերթի հարցմանն ի պատասխան, թե վերջին մեկ տարվա ընթացքում (2020-2021 թթ.) վարչապետը ինչքան պարգեւավճար է ստացել, վարչապետի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական հաշվառման վարչությունից պատասխանել են. «2018-ի մայիսից մինչ օրս վարչապետ Փաշինյանը պարգեւավճար չի ստացել»: