«Իրավունք» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում լուրջ կրճատումներ են սպասվում: Ավելին` արդեն իսկ որոշ գնդապետներ սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ` առաջիկայում նախարարությունում կվերացվի, որպես այդպիսին` քաղծառայությունը: Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը միանալու է Պաշտպանության նախարարությանը, եւ հենց սա էլ առիթ կդառնա, որ «քաղծառայություն» հասկացողությունը դուրս գա, եւ ՊՆ-ում մնան բացառապես զինվորական կոչում ունեցողները: Ընդ որում` այդ փոփոխության հետեւանքով` մի շարք բարձրաստիճան զինվորականների կոչումներ հնարավոր է իջեցվի: Օրինակ` սպան դառնա ենթասպա, գնդապետը` փոխգնդապետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ցավոք սրտի, սովորական են դառնում լուրերն այն մասին, որ օրական մի քանի տասնյակ մարդ է մահանում մեր երկրում Covid-19-ի պատճառով: Պետությունը «ձեռուոտ ընկած» փորձում է ամեն բան անել, որպեսզի մարդիկ պատվաստվեն, սակայն պատվաստումների տեմպերը չի կարելի բավարար համարել: Նման պայմաններում նշմարվում են նաեւ այն ռիսկերը, որոնց կարող է բախվել մեր երկիրը, եթե չկարողանա բավարարել պատվաստվածների անհրաժեշտ ու բավարար տոկոս: Խոսքը ոչ միայն ամենակարևորի` մարդկային կյանքեր փրկելու մասին է, այլ շատ հնարավոր է, որ շուտով Հայաստանի համար խստացվեն վիզային ռեժիմները մի շարք երկրների ու միությունների համար: Կա վտանգ, որ Հայաստանը կվերածվի, այսպես կոչված, «Կովիդ գետտոյի», ինչը դուրս կմղի մեր երկիրը քաղաքակիրթ աշխարհից»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տաթեւ համայնքում առաջատարը ՔՊ-ն է՝ 1280 ձայնով, որը կազմում 48.9 տոկոս, սակայն սա բավարար չէ համայնքապետ ընտրելու համար: ՔՊ-ն պետք է կոալիցիա կազմի որեւէ ուժի հետ: Անցողիկ շեմը հաղթահարել է եւս 2 ուժ՝ «Շանթ» դաշինքը եւ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի մեկենասությամբ ստեղծված «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Տաթեւից լուրեր են հասնում, որ իշխանությունները բանակցում են «Ապրելու երկիր» կուսակցության հետ եւ, ըստ ամենայնի, կոալիցիա կկազմեն նորաթուխ այս ուժի հետ։ Այնպես որ, առաջիկա օրերին Ռ. Վարդանյանը որոշիչ ստուգարք է հանձնելու` ինքն իշխանության հե՞տ է, այսինքն` հերթական իշխանական պրոյե՞կտն է, թե՞ ընդդիմություն է»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին, շատ առումներով մնում է մշուշապատ: Խոսքը մասնավորաբար ծախսված գումարների մասին է: Ժամանակին «Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով պատասխանել, թե պետբյուջեից որքան գումար է տրամադրվել նշյալ միջոցառման համար: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել էին, որ պետական բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչների՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Տիգրան Չոբանյանին, Իսրայել Հակոբկոխյանին, Վահագն Չախալյանին, հրավիրել են Քննչական կոմիտե։ Նրանք անցնում են հունվարի 28-ին միտինգ անելու պատճառով հարուցված քրեական գործով, որը նախապես հարուցվել էր պետական շենք-շինությունները զավթելու հոդվածով։ Հիշեցնենք, որ խոսքը նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեմ բողոքի ակցիաների մասին է: Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում ասաց, թե տեղեկություն ունեն, որ քննչական մարմինը մտադիր է փոխել քրեական հոդվածն ու նոր մեղադրանք առաջադրել իրենց` «իշխանությունը զավթելու» հոդվածով»։