Մենք բազմիցս նշել ենք, որ եթե ընթանում է որևէ գործընթաց, դրա մասին տեղյակ ենք պահում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ տեղեկություն է տարածվել, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում նախատեսվում է ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում։ Կան տեղեկություններ հնարավոր նոր փաստաթղթի ստորագրման մասին։
«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք սահմանազատման ու սահմանագծման աշխատանք սկսել։ Մեր կարևոր մոտեցումներից մեկն այն է, որ և՛ ՀՀ, և՛ Ադրբեջանի ԶՈւ-երը հայելային հետ քաշվեն, այդ տարածքներում տեղակայվեն և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի սահմանապահ զորքերը և մենք սկսենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը։ Մինչև նոյեմբերի 10-ը որևիցե նման բան չի նախատեսվում»,- ասաց նա։
Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու տեսանկյունից ՀՀ-ի համար որևէ խանգարող հանգմանանք չկա այս պահին։
«Մենք պատրաստ ենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսել, այդ մասով Ադրբեջանից դրական ազդակի ենք սպասում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։