Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ՊՆ-ի քննադատությունը հայտնվել էր ադրբեջանական մամուլում, չե՞ք կարծում՝ սխալ էր նման մոտեցումը։ ԱԺ-ում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«ՄԻՊ-ի հայտարարությունը ոչ թե ՊՆ-ին ուղղված քննադատություն էր, այլ հակառակորդի, թշնամու վարքագծի գնահատականին էր ուղղված։ Այնտեղ օգտագործվել են ձևակերպումներ, որոնք Հայաստանի ազգային և պետական շահերից են բխում։ Փաստ է, որ մինչ օրս միջազգային հանցագործություններ կատարած թշնամու զինծառայողները մեր տարածքից դուրս չեն շպրտվել»,- ասաց Վարդևանյանը։
Արման Սարգսյանն էլ արձագանքեց, որ ՄԻՊ Արման Թաթոյանի ու ՊՆ-ի միջև շատ դեպքերում եղել է առողջ համագործակցություն։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ավելի վաղ հայտարարել էր Գեղարքունիքի մարզում Հայաստանի սահմաններում ադրբեջանցի զինծառայողների աճող ակտիվության մասին և այն մասին, որ ադրբեջանական զինուժն այդ հատվածում ավելացրել է իր թվաքանակը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում Մարդու իրավունքների պաշտպանի այս պնդումներն ակնհայտորեն չափազանցված են համարել։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ Ադրբեջանի զինված ուժերը ակտիվ ինժեներական աշխատանքներ չեն իրականացնում, ավելին, նման փորձերը հաջողությամբ կասեցվում են ՀՀ զինված ուժերի կողմից:
«ՄԻՊ-ի գրառման մեջ առկա այս պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ, կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: