Մինսկն ու Մոսկվան կոշտ պատասխան կտան արևմտյան սահմանները ռազմականացնելու փորձերին։ «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպման ժամանակ։
«Բելառուսի հետ սահմանին լեհերն անօրինական միգրացիայի դեմ պայքարելու են Leopard տանկերի օգնությամբ։
Ինչպես են խաղաղ բնակիչների դեմ պայքարելու տանկերով, ես չգիտեմ։ Պարզապես փնտրում են ցանկացած առիթ, որպեսզի իրենց զորքերն ավելի մոտ լինեն մեր սահմաններին։ Բնականաբար, շատ կոշտ ենք արձագանքելու դրան։ Մենք դեռ որոշ ժամանակ կսպասենք, զգուշացնելու ենք նրանց, որից հետո գործելու ենք կոշտ»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լեհական իշխանությունները ծրագրում են 2,5 հազար զինծառայող ուղարկել անօրինական միգրանտներից սահմանամերձ տարածքի պահպանության համար: Ամերիկյան Abrams և գերմանական Leopard տանկերը, որոնք ուղարկել են լեհական իշխանությունները, գործարկվել են Լիտվայում Բելառուսի սահմանների մոտ զորավարժությունների ընթացքում: