Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ։ Այս մասին СNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ջրական կատարած այցի շրջանակներում:
«Այդ ուղղություններով մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանից դրական ազդակներ ենք ստացել։ Իսկ մենք մեր կողմից հայտարարել ենք, որ Հայաստանի դրական քայլերին ի պատասխան քայլեր կանենք։ Քննարկում ենք նաև, թե Ադրբեջանի հետ համատեղ ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել», — ասել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուի խոսքով՝ Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Հայաստանից դրական արձագանք դեռ չի եղել։
«Բոլորը պետք է ընդունեն, որ Թուքիայի և Ադրբեջանի քայլերը համատեղ են ձեռնարկվելու» — հայտարարել Է Չավուշօղլուն: