Հայաստանը շահագրգռված է ՌԴ խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգմամբ՝ մինչև Արցախի Հանրապետության կարգավիճակի վերջնական որոշումը։ Այս մասին TACC-ին հայտնել են Հայաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմից։
«Ցավոք, այս պահին անվտանգության տեսակետից իրավիճակը բավականաչափ կայուն չէ։ Վերջերս մենք ականատես եղանք հրադադարի ռեժիմի խախտումների, որոնց հետևանքով հայ խաղաղ բնակիչ է զոհվել, ունենք նաև վիրավորներ։ Հետևաբար Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործոնը կարևոր և նշանակալից կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցի լուծումը չի գտնվել»,- նշել է Հայաստանի Անվտանգության խորհուրդը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմը նաև ընդգծել է, որ «Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կարևոր գործոն է Արցախի քաղաքացիների՝ հայերի անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև ծառայում է որպես անվտանգության երաշխավոր ստեղծված ենթակառուցվածքների, բնակչության ու ապրանքների անխափան և կայուն տեղաշարժի»։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը երկարաձգվում է ևս 5 տարով, եթե կողմերից մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ այլ քայլեր չձեռնարկի»,- ասել է Անվտանգության խորհրդի ղեկավարը՝ հավելելով, որ քանի դեռ Արցախի Հանրապետության կարգավիճակը վերջնական չի որոշվել, Հայաստանը շահագրգռված է ՌԴ խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգմամբ։
Գերատեսչության գրասենյակը նաև նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ քննարկում է Ղարաբաղի շուրջ հարցերի ողջ շրջանակը, այդ թվում՝ այնտեղ խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգումը․
«Հայաստանն իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ մշտապես քննարկում է Արցախին առնչվող հարցերի ողջ շրջանակը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները կարող են Արցախում մնալ ավելի քան հինգ տարի, ինչը նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով քննարկում է այդ հարցը ռուս գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ «այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են, հիմք են տալիս ենթադրելու, որ ռուսական խաղաղապահ ուժերը նախատեսվածից երկար կմնան»։