ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնակիան կայքից։
Նշենք, որ Շիրակի նախկին մարզպետ Հարությունյանը առաջադրվել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններում և պարտվել։
Նա ինքնաբացարկ է հայտնել և չի համալրել Գյումրու ավագանու շարքերը։
Հավելենք, որ Հովհաննես Հարությունյանը մինչև մարզպետի պաշտոնը զբաղեցրել էր առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինք՝ 9637 ձայն (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7785 ձայն (29,56 %), «Զարթոնք» կուսակցություն՝ 2793 ձայն (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1489 ձայն (5,65%), Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1333 ձայն (5,06%):
Ի դեպ, ՔՊ-ն և «Բալասանյան» դաշինքը կոալիցիա են կազմել։