Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հեռախոսազանգի ընթացքում դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը: Դեսպան Մակունցը շեշտել է միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերի անհրաժեշտությունը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ ՀՀ ՊՆ-ն իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է հաղորդում։ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, գերեվարվել է 12 զինծառայող։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ այն դեռ բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։