Վրաստանը չի մասնակցի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք «3+3» ձևաչափով պլատֆորմի առաջին նիստին։ Այս մասին «Эхօ Кавказа»-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։
«Արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հստակ դիրքորոշում է արձանագրել «3+3» տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության վերաբերյալ։ Մենք չենք դիտարկում այս ձևաչափով մասնակցությունը։ Վրաստանը չի ներկայացվի դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը»,- հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ում։
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով համագործակցության պլատֆորմի առաջին նիստի անցկացման մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Մոսկովյան հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարները:
Հիշեցնենք նաև, որ երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի մասին։ Նա հայտնել էր նաև, որ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է նիստին։