ԱԺ-ն մերժեց «Հայաստան» խմբակցության առաջարկած Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում էր չեղարկել ծանր վիրավորանքի քրեականացումը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենց համար հայհոյանքը և վիրավորանքն անթույլատրելի են։
«Խոսքի ազատությունը և հայհոյանքն իրար հետ որևէ աղերս չունեն: Մեզ համար հայհոյանքը և բռնության խոսքը հավասարապես անընդունելի են, անկախ նրանից, թե դա ում դեմ է ուղղված: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ՀՀ-ում քաղաքական և հանրային այնպիսի մշակույթ ստեղծելու, որտեղ առողջ դիսկուրսը գերակայում է և հայհոյանքը տեղ չունի»,- մատնանշեց իշխանական պատգամավորը։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում էր «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։
Պատգամավոր Աղվան Վարդանյանը նշել էր, որ նախորդ գումարման խորհրդարանը «վերջին շնչում» ընդունել է ծանր վիրավորանքների քրեականացման մասին օրենքի նախագիծը, որն արդեն գործում է։
«Տվյալ օրենքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել։ Իրականում այս օրենքի ընդունման նպատակն էր սահմանափակել հրապարակային ելույթները, խոսքի ազատությունը, քննադատությունը հատկապես պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդման միջոցով»,- ասել էր Վարդանյանը։
Ըստ պատգամավորի՝ սա օրենք է մեկ մարդու դեմ քննադատությունը սահմանափակելու, պատժելու միջոցով քրեական գործեր հարուցելու համար։