ՀՀ ԱԳՆ-ն այսօր հանդես եկավ հայտարարությամբ՝ դրական գնահատելով Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է հայտարարություններին։
«Սա ոչ թե նոր փուլ է, այլ այն օպերացիայի տրամաբանական շարունակությունն է, որը կոչվում էր «թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխություն»,- անդրադառնալով վերոնշյալին՝ մեզ հետ զրույցում նշեց Դեմոյանը։
Նրա խոսքով՝ այս համատեքստում մենք մինչ այս բազում այլ տրամաբանական շղթաներ ենք տեսել։
«Տեսել ենք, օրինակ, «Ծիծեռնակաբերդը լռեցնելու, անջատելու Հարություն Մարության օպերացիա»-ի տեսքով։ Տեսել ենք, ի վերջո, արդեն կանխորոշված ելքով պատերազմ հրահրելու տեսքով։ Այս ամենը մեկ շղթայի մեջ է ու տրամաբանորեն տեղավորվում է հենց այդ շղթայում։ Եվ զարմանալի չէ, որ նման քաղաքական «ինտիմ» գործընթացների մասին հայտարարում է հենց շահող կողմը՝ Թուրքիան։ Թուրքիան է, չէ՞, առաջինն ասում, որ նման բան կա ու ոչ թե մեր ԱԳՆ-ը։ Թուրքերը մի հատ ասում են, հետո մեզ մոտ կա՛մ ամոթխած դեմքով հաստատում են, կա՛մ էլ ասում են՝ «դե գիտեք՝ լավ չեն մեկնաբանել» և այլն։ Ընդհանուր առմամբ, նախաձեռնող, նախահարձակ ու քարոզչական դաշտում առաջին ջութակի դերը միշտ թուրքական կողմն է կատարում։ Սա նշանակում է, որ առավելությունն իրենք ուզում են առաջ տանել իրենց տեսակետից ու իրենց շահերից ելնելով։ Իսկ մենք ուղղակի հետևորդներ, արձագանքողներ ու արձանագրողներ ենք դառնում»,- ընդգծեց Դեմոյանը։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ը կրկին շեշտել է, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին՝ առանց նախապայմանների․ «Հայաստանը միշտ էլ հայտարարել է, որ առանց նախապայմանների է պատրաստ կարգավորմանը, իսկ թուրքական կողմը միշտ նախապայմաններ է դրել։ Հիմա նաև խոսակցություն կա, որ հայկական կողմն ուզում է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել այս առումով։ Չգիտեմ՝ որքանով է հաստատված այդ լուրը, բայց դա ամենամեծ խայտառակությունը կլինի։ Ոչ թե դավաճանություն, այլ ստորաքարշություն կլինի, եթե Թուրքիայի կողմից առաջադրված նախապայմանի իրականացմանը գնան»։
Հայկ Դեմոյանի հետ զրույցում անդրադարձանք Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի նաև այն հայտարարությանը, թե Թուրքիան և Հայաստանը չարտերային ավիահաղորդակցություն կբացեն։ Այս առնչությամբ հայկական կողմից դեռ որևէ արձանագանք չկա։ Անդրադառնալով նշվածին՝ Դեմոյանը նշեց, որ իրականում ՀՀ այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։
«Սրանք այն մարդիկ են, որոնք ոչ մի սրբություն չունեն։ Նրանք կարմիր գծերն անցնող մարդիկ են և ընդունակ են ամեն ինչի։ Իրենք լկտի գործելաոճի, Ծիծեռնակաբերդում խուլիգանության են ընդունակ։ Նաև ընդունակ են սուտ ու սխալ հայտարարություններ անել ԱԺ-ից ու չհերքել դրանք։ Պարզվեց նաև, որ ավելի մեծ բաների են պատրաստ։ Իրենք ընդունակ են պատերազմ հրահրելու և 4000 տղամարդու գլուխ ուտելու՝ վստահ լինելով, որ պատերազմը լինելու է ու պարտվելու են։ Այս պարագայում ամեն ինչ հնարավոր է ու սպասելի, որովհետև վերջում այդ ամենը վարչապետը մի կապոցի մեջ է փաթաթում, գնում Ազգային ժողով ու ասում՝ «ամեն ինչի պատասխանատուն ես եմ»։ Այսինքն՝ ժուլիկ մատնոց խաղացողի հոգեբանություն է սա, որտեղ բալանսը պահելու հույսը դրվում է երրորդ մատնոցի վրա։ Մեծ հաշվով, սրանք պրովակցիաներով, մանիպուլյացիաներով ընդունակ են բոլոր հակահիգիենիկ գործողություններին»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ են նշանակում հարաբերությունների կարգավորման համար։ Չավուշօղլուն հայտարարել էր նաև, որ Թուրքիան և Հայաստանը չարտերային ավիահաղորդակցություն կբացեն։
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը կրկին հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
Այս առումով ՀՀ ԱԳՆ-ը դրական է գնահատել Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը։