Թուրքիայի անսպասելի նախերգանքը համապատասխանում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքին։ Մասնավորապես, հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը կոչ էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բացել Հայաստանի հետ սահմանը, որը ելք չունի դեպի ծով: Այս մասին Bloomberg-ին հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։
Ըստ աղբյուրի՝ Թուրքիան հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը կօգնեն Անկարային բարելավել Վաշինգտոնի հետ լարված հարաբերությունները, որոնք առաջացել էին Ռուսաստանից ՀՕՊ միջոցներ գնելու պատճառով։
«Բայդենի և Էրդողանի հանդիպումից հետո երկու պետություններն էլ խնդիրների լուծման համար մեխանիզմ են ստեղծել։ Էրդողանը կարող է զգալի օգուտ քաղել ցանկացած արտաքին քաղաքական քայլից, որը կօգնի կայունացնել տնտեսությունը, քանի որ 2023 թվականի ընտրությունների նախաշեմին գների սրընթաց աճը սպառնում է նրա ժողովրդականությանը»,- նշում Է Bloomberg-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչ կնշանակեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով։ Նա նաև հայտնել է, որ Երևանի հետ չարտերային ավիահաղորդակցություն կբացվի։ Այսօր Հայաստանի ԱԳՆ-ը հաստատեց Երևանի և Անկարայի միջև հատուկ ներկայացուցչի նշանակման մասին պայմանավորվածության առկայությունը: