ԱԺ-ն գումարել է արտահերթ նիստ։ Այն «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ է տեղի ունենում։
Օրակարգում մեկ հարց է՝ քննարկում սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին:
Նշենք, որ խորհրդարանում շրջանառության մեջ էր դրվել սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը, որով նախաձեռնության հեղինակները ՀՀ կառավարությունից պահանջում են զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով:
Հավելենք, որ «Հայաստան» խմբակցությունը սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել, որի ժամանակ ներկայացվել էր ԱԺ հայտարարության նախագիծը:
Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ հարցը որևէ կերպ չպետք է տարանջատվի Արցախի ժողովրդի՝ իր պատմանական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից: Բացի այդ, կոչ է արվում միջազգային հանրությանը և բարեկամ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ: