Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, այլև հանուն ողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության: Այս հարցում Անկարայի դիրքորոշումը չափազանց անկեղծ է։
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը` ելույթ ունենալով երկրի 2022 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:
Ըստ Օքթայի՝ թուրքական կողմը Երևանի հետ երկխոսությունն առաջ է տանելու շատ ուշադիր և Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ:
Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ «Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում իր գործողություններում հիմնվում էր ինքնապաշտպանության միջազգայնորեն ճանաչված իրավունքի վրա»:
«Մենք ակտիվորեն աջակցում էինք Ադրբեջանին նրա արդար պայքարում։ Ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիայի թեման փակվել է։ Նոր իրողությունները արգասաբեր հող են ձևավորել այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար»,- ասել է Օքթայը։
Քաղաքական գործիչը հիշեցրել է Թուրքիայի և Ադրբեջանի` տարածաշրջանային համագործակցության հարթակի` 3+3 ձևաչափի ձևավորման նախաձեռնության մասին։
«Անկարայի դիրքորոշումը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության ապահովման հարցում անփոփոխ կմնա»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Նա նաև հայտնել էր, որ Երևանի հետ չարթերային ավիահաղորդակցություն կբացվի։
Հայաստանի ԱԳՆ-ը դեկտեմբերի 14-ին հաստատել է Երևանի և Անկարայի միջև հատուկ ներկայացուցչի նշանակման մասին պայմանավորվածության առկայությունը:
«Հայաստանը, ինչպես միշտ, այնպես էլ հիմա պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչը ամրագրված է Հայաստանի կառավարության ծրագրում։ Այս առումով մենք դրական ենք գնահատում Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին և հաստատում ենք, որ հայկական կողմը ևս հատուկ ներկայացուցիչ կնշանակի երկխոսության համար»,– հայտարարել էր Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Վահան Հունանյանը։