2018 թվականին ես հեռացա՝ խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով մեր երկրին։ Այս մասին ՀՀԿ-ի համագումարին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով իր հրաժարականի մասին։
Նա խոստովանեց՝ հեռացել է, որպեսզի պոպուլիստների և աշխարհաքաղաքական հստակ նպատակներով նրանց իշխանության բերած արտաքին շահագրգիռ ուժերի աջակությամբ խաբված, մանիպուլյացիայի, ստի և ապատեղեկատվության մեծ չափաբաժիններից թունավորված մեր ժողովուրդը հանդարտվի, երկրի ներսում արյուն չթափվի։
«Հեռացա, որ հրապարակում հավաքված բազմահազար ոգևորված մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը, իշխանության եկածներից նույնպիսի ոգևորությամբ, հետևողականորեն պահանջեն կետ առ կետ կատարել խոստումներն ու հաշվետու լինել ժողովրդին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ իր նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր, ինչը նշանակում է Հայաստանի անվտանգությունն ապահովել։
«Ես վարչապետի պաշտոնում առաջադրվեցի միայն Արցախի բանակցային գործընթացում մեր ամրացած դիրքերն առաջ տանելու և այսօրվա ողբերգությունից խուսափելու համար։ Մի՞թե պարզ չէր, որ Արցախի հարցի անբարենպաստ լուծումը չափազանց թանկ էր արժենալու Հայաստանի համար։ Ասել եմ ու կասեմ․ հեշտ է հետահայաց մեծ-մեծ խոսելը։ Հեշտ է 2018 թվականին իմ կողմից ուժ չկիրառելու արդյունքում այդ օրերի քաոսից անցնցում դուրս գալը սկզբում համարել ճիշտ, այնուհետև տեսնելով հետևանքները՝ փոխել կարծիքը և համարել սխալ»,- մատնանշեց ՀՀԿ նախագահը։
Սերժ Սարգսյանը վստահեցրեց՝ արտաքին և ոչ մի դերակատար չի կարող երկրի ներսում հաջողության հասնել, եթե չունենա աջակիցներ։